Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Միլանի Պոլիտեխնիկի կապերն առավել ամրացնելու և կրթական ու փորձի փոխանակման նոր ծրագրով հուլիսի 19 -ին մեր համալսարան էր ժամանել Միլանի պոլիտեխնիկի վերականգնման բաժնի ղեկավար, ճարտարապետ Գայանե Կազնատին:
Ներկա և առաջիկա հավակնոտ ծրագրերը քննարկելու նպատակով տիկին Կազնատիին ընդունեց ռեկտոր Գագիկ Գալստյանը: Ողջունելով հյուրին՝ ռեկտորը, նախ, շնորհակալություն հայտնեց Գ. Կազնատիին՝ մեր և Միլանի Պոլիտեխնիկի համագործակցության համար ներդրած ջանքերի համար և կարևորեց այդ համագործակցության շրջանակներում գիտահետազոտական նախագծերի մտահղացումը: Մեր համալսարանի ուսանողները հերթական անգամ մասնակցել են Միլանի պոլիտեխնիկում անցկացվող ուսումնագիտական և հետազոտական աշխատանքներին, ինչը, հանդիպմանը ներկաներն անչափ կարևորեցին՝ ուսումնական գործընթացն ավելի մատչելի ու հետաքրքիր դարձնելու տեսանկյունից:
Հանդիպմանը ռեկտոր Գալստյանն ու Գայանե Կազնատին քննարկեցին նաև մեր համալսարանի նորաստեղծ Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վերազինման, զարգացման հեռանկարների հնարավորությունը: Գ. Գալստյանը նկատեց, որ լաբորատորիայի համար արդեն իսկ տրամադրվել է առավել ընդարձակ տարածք, ինչի արդյունքում տեղադրված սարքերն ավելի տեսանելի կլինեն, իսկ տարվող աշխատանքները՝ դյուրին ու արդյունավետ: Իր հերթին՝ Գ. Կազնատին հավաստիացրեց, որ Միլանի Պոլիտեխնիկը կշարունակի աջակցել մեր համալսարանին՝ նմանատիպ կարևոր և ճարտարապետական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում Գայանե Կազնատին բարձրացրեց նաև մեր համալսարանի երեք դասախոսի՝ փոխանակման ծրագրով Միլանի Պոլիտեխնիկ հրավիրելու հարցը: Կազնատին նշեց, որ իրենք հետաքրքրված են հատկապես Խորհրդային ժամանակաշրջանի ճարտարապետությունով և ուրախ կլինեին, եթե մեր դասախոսների զեկույցները նվիրված լինեն հենց այդ թեմային: