(010) 303-300

Այլեվս՝ դիպլոմակիր ճարտարապետներ

«Խոստանում եմ հավատարիմ լինել ճարտարապետի կոչմանը, խնամքով վերաբերվել ճարտարապետական, պատմական ու բնական ժառանգությանը, հաշվի առնել և գնահատել հանրության կարիքներն ու գործընկերների աշխատանքը…»:

Այս խոսքերով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի մագիստրոսներն ու բակալավրները երեկ՝ հունիսի 23-ին, ՀՀ Ճարտարապետների միությունում հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները:

2015-2016 ուսումնական տարին՝ արդեն որպես կնքված ճարտարապետներ, ավարտեց 42 մագիստրոս, որից 19-ը՝ գերազանցության դիպլոմով և 122 բակալավր՝ 33-ը՝ գերազանցության դիպլոմով:

Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը, հյուրեր և ծնողներ:

Շնորհավորելով շրջանավարտներին` ռեկտոր Գալստյանը նրանց հորդորեց միշտ քայլել համալսարանի կողքով և առաջին քայլերն անել ավագների ուղեցկությամբ. «Այսօրվա Ձեր հաջողությունը նաև մեր հաջողությունն է: Հուսով եմ, որ երբեք չեք մոռանա Ձեր բուհը և բոլոր նրանց, ովքեր փոխանցեցին Ձեզ ամենաարժեքավորը՝ գիտելիքը: Մենք միշտ Ձեր կողքին ենք»:

Սարգիս Թովմասյանը շնորհավորեց և ոգեշնչեց շրջանավարտներին՝ հիշեցնելով, որ մեր համալսարանից դուրս եկած մասնագետները չեն զիջում աշխարհի լավագույն մասնագետներին և, մեջբերելով հայտնի ճարտարապետի խոսքերը, կոչ արեց. «Ինչ-որ բան կառուցելիս ունկնդրեք քաղաքին, իսկ քանդելիս՝ Ձեր սրտին»:

Իրենց շնորհավորական խոսքերը շրջանավարտներին ուղղեցին նաև Մկրտիչ Մինասյանը և Կարեն Ռաշիդյանցը՝ ճարտարապետի բարձր կոչմանը անդավաճան մնալու և Հայրենիքի, քաղաքի, համալսարանի պատիվը միշտ բարձր պահելու հորդորով. «Այս ամենն իրականություն դարձնելու և լավ մասնագետ լինելու համար դուք ունեք բոլոր նախադրյալները»,-նշեց Կ. Ռաշիդյանցը:

24.06.16