(010) 303-300

ՌԵԿՏՈՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ INNOCENS ԵՎHERITAG ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը ընդունեց Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող «InnoCENS» և «HERITAG» նախագծերի համատեղ տեղեկատվական սեմինար անցկացնելու նպատակով մեր համալսարանում գտնվող հյուրերին:

Նշենք, որ երեկ մեր համալսարան էին ժամանել Իսպանիայի, Շվեդիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Վրաստանի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներն՝ վերոնշյալ 2 նախագծերի շրջանակներում արձանագրված և ակնկալվող ձեռքբերումներն ու արդյունքները ներկայացնելու նպատակով:

Ռեկտոր Գալստյանը, նախ, ողջունեց հյուրերին, որոնց ուղեկցում էր Հայաստանում HERITAG ծրագրի համակարգող, ՃՇՀԱՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, ինչից հետո ընդգծեց, որ մեր համալսարանը շատ բարձր է գնահատում միջազգային գործընկերությունը, որը գնալով խորանում և առավել շոշափելի արդյունքներ է արձանագրում. «Մեր համալսարանը միշտ պատրաստ է բոլոր այն բարեփոխումներին, որոնք նպաստում են կրթական որակի բարձրացմանը»:

Հարկ է նշել, որ դեռևս անցյալ տարվա գարնանը, ՃՇՀԱՀ-ում Erasmus+ ծրագրի ֆինանսավորմամբ՝ «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» նախագծի շրջանակներում, բացվեց Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը: Վերջինս նորարարական գաղափարների ստեղծմանն ու զարգացմանը խթանող բաց հարթակ է բոլոր երիտասարդների, ուսանողների և դասախոսների համար, որն ուղղված է կատարելագործելու և համակարգելու կրթություն- գիտություն-բիզնես փոխկապակցվածությունը։ Կենտրոնը հարմարավետ միջավայր է տրամադրում ստարտափերին և նորարար խմբերին՝ գաղափարների զարգացման և իրագործման համար։

15.02.19