(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ն ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի է ունեցել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների պարգևատրման արարողություն՝ երկու համալսարանների միջև ավելի քան 16 տարի շարունակվող արդյունավետ համագործակցության զարգացման և ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Պարգևները հանձնել է ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը՝ բարձր գնահատելով գործընկեր համալսարանի ներկայացուցիչների ներդրումը միջազգային գիտակրթական համագործակցության ընդլայնման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման և ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում։

Ավելի քան 16 տարվա համագործակցության ընթացքում համալսարանները համատեղ իրականացրել են Եվրոպական միության ֆինանսավորմամբ բարձրագույն կրթության կարողությունների զարգացման 5 ծրագիր, 2017 թվականից հաջողությամբ ներդրել համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր, ինչպես նաև ամենամյա պարբերականությամբ կազմակերպել ուսանողների և ակադեմիական անձնակազմի շարժունության ծրագրեր։

Համագործակցության հերթական կարևոր փուլն արձանագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վալենսիայում, երբ երկու համալսարանների միջև վերակնքվել է ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցության հուշագիրը։

Միջազգային համագործակցության զարգացման և ամրապնդման գործում ունեցած ակնառու ավանդի համար Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Լուիս Անխել Ռուիս Ֆերնանդեսը պարգևատրվել է ՃՇՀԱՀ ոսկե մեդալով։

Իսկ միջազգային գիտակրթական համագործակցության զարգացման, Եվրոպական միության ֆինանսավորմամբ համատեղ ծրագրերի իրականացման և երկու համալսարանների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ֆրանցիսկո Գարսիա Գարսիային և դոկտոր Ֆերնանդո Ֆրանցիսկո Բուչո Մորագուեսին շնորհվել է ՃՇՀԱՀ պատվավոր դոկտորի կոչում։

Պարգևատրումները խորհրդանշում են երկու համալսարանների միջև ձևավորված երկարամյա գործընկերության բարձր գնահատանքը և վկայում միջազգային համագործակցության շարունակական զարգացման ու նոր հնարավորությունների ստեղծման պատրաստակամության մասին։

24.11.26