(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ն ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՌՈւՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈւՄԱՅԻՆ ԾԻԳ-Ը ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համագործակցության նոր հնարավորություններն ու համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։

Հանդիպման առաջին հատվածում ԾԻԳ-ի տնօրեն Անետա Բաբայանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՃՇՀԱՀ ղեկավար կազմի, դեկանների և ոլորտային ամբիոնների ղեկավարների հետ։ Հանդիպումն անցկացվեց համալսարանի աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանի գլխավորությամբ։ Քննարկվեցին երկու կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները, համատեղ աշխատանքների կազմակերպման ձևաչափերն ու հետագա քայլերը։

Հանդիպման երկրորդ հատվածում ներկա էին նաև համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Անետա Բաբայանը ուսանողների հետ անմիջական զրույցի ընթացքում ներկայացրեց գրասենյակի կողմից իրականացվող և նախատեսվող ներդրումային ծրագրերը, դրանց նպատակներն ու հիմնական ուղղությունները՝ հատուկ անդրադառնալով այդ ծրագրերում ուսանողների մասնագիտական ներգրավման հնարավորություններին։

Քննարկման ընթացքում առանձնացվեցին համագործակցության մի շարք հեռանկարային ուղղություններ՝ հատկապես կարևորելով կիրառական հետազոտությունների իրականացումը և ուսանողների մասնակցությունը քաղաքային զարգացման ծրագրերին։ Որպես համագործակցության առաջին քայլ՝ առաջարկվեց ձևավորել տարբեր մասնագիտությունների ուսանողներից կազմված միջմասնագիտական հետազոտական խմբեր, որոնք կներգրավվեն Երևանի քաղաքային և ենթակառուցվածքային խնդիրների ուսումնասիրության, վերլուծության և դրանց լուծմանն ուղղված գործնական առաջարկությունների մշակման աշխատանքներում։

Նախաձեռնությունը հնարավորություն կտա ուսանողներին կիրառելու ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները իրական նախագծերի շրջանակում, զարգացնելու հետազոտական, վերլուծական և թիմային աշխատանքի կարողությունները, ինչպես նաև ձեռք բերելու արժեքավոր գործնական փորձ։

Համալսարանի և ԾԻԳ-ի միջև համագործակցության զարգացումը կարող է նպաստել կրթության, գիտության և քաղաքային կառավարման ոլորտների միջև կապերի ամրապնդմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ինչպես ապագա մասնագետների պատրաստման, այնպես էլ Երևանի կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման համար։

13.11.26