(010) 303-300

ԵՌՕՐՅԱ ԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հոկտեմբերի 8-10-ը Աղվերանում կայացավ «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) միջազգային 4-րդ գիտաժողովը, որը միավորել էր տարբեր երկրների գիտական և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներին։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձել էին ճարտարապետական ժառանգության պահպանության, պատմական միջավայրերի վերականգնման և ժամանակակից քաղաքաշինության զարգացման առանցքային հարցերին՝ ներկայացնելով իրենց հետազոտություններն ու մասնագիտական դիտարկումները։

Եռօրյա ծրագրի ընթացքում գիտական քննարկումների առանցքում էին հայտնվել պատմական կառույցների ուսումնասիրության նոր մեթոդները, մշակութային արժեքների թվային փաստագրումն ու վերակառուցումը, հայկական ճարտարապետական ժառանգության առանձնահատկությունները, ինչպես նաև քաղաքային միջավայրի կազմակերպմանն ու զարգացմանն առնչվող խնդիրները։

Զեկուցումներն ու մասնագիտական քննարկումները մասնակիցներին հնարավորություն տվեցին համադրելու տարբեր երկրների փորձը, ներկայացնելու գիտական նոր մոտեցումներ և բացահայտելու ճարտարապետական ժառանգության պահպանության ու ժամանակակից պահանջներին համապատասխան միջավայրի ձևավորման փոխկապակցվածությունը։

Գիտաժողովի շրջանակում առանձնակի կարևորվել էր նաև միջազգային մասնագիտական կապերի ընդլայնումն ու համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումը։ Միջոցառումը հարթակ էր ծառայել գիտական մտքերի փոխանակման, համատեղ քննարկումների և ոլորտի արդիական խնդիրների շուրջ մասնագիտական երկխոսության համար։

Միջազգային գիտաժողովի անցկացումը ևս մեկ կարևոր քայլ էր ճարտարապետական ժառանգության պահպանության և ժամանակակից ճարտարապետության զարգացման շուրջ միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Այն վերահաստատել էր գիտական երկխոսության և մասնագիտական փորձի փոխանակման նշանակությունը՝ ոլորտի առկա մարտահրավերներին նոր լուծումներ գտնելու գործում։ 

13.10.26