(010) 303-300

ՃՇՀԱՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին համալսարանի գործունեությանն ու հետագա զարգացմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։

Նիստի ընթացքում քննարկվեցին «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կանոնադրության, համալսարանի 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի, ակադեմիական կազմի աշխատավարձի բարձրացման, ինչպես նաև համալսարանի ներքին իրավական ակտերի հաստատման վերաբերյալ հարցերը։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ երաշխավորվել է ակադեմիական կազմի վարձատրության մեկ ժամի արժեքի՝ մինչև 82%-ով բարձրացման առաջարկի նախագիծը, որը ներկայացվելու է ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:

Գիտական խորհրդի անդամները քննարկեցին նաև ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման, համալսարանի ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների համար փակ մրցույթ հայտարարելու, ինչպես նաև Դիզայնի ամբիոնի վերանվանման հարցերը։

Նիստի ընթացքում ՃՇՀԱՀ Գիտական խորհրդի քարտուղար, Մաթեմատիկայի, շինարարական մեխանիկայի և ֆիզիկայի ամբիոնի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Լևոնյանը Գիտական խորհրդի որոշմամբ պարգևատրվեց ՃՇՀԱՀ ոսկե մեդալով՝ համալսարանում բազմամյա բեղմնավոր, գիտամանկավարժական գործունեության, ինժեներական կադրերի պատրաստման գործում ներդրած ավանդի համար:

Գիտական խորհրդի նիստի ընթացքում քննարկված հարցերն ուղղված էին համալսարանի կրթական, գիտական և կառավարման գործընթացների հետագա զարգացմանն ու կատարելագործմանը։

 

29.09.26