Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ միտված ամրապնդելու երկկողմ համագործակցությունը կրթության, շարունակական մասնագիտական զարգացման, գիտահետազոտական գործունեության և փորձի փոխանակման ոլորտներում։
Համագործակցության շրջանակում կողմերը համատեղ կիրականացնեն կրթական ծրագրերի կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև ուսանողների և ոլորտի մասնագետների գործնական հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ։ Նախատեսվում է համատեղ մշակել և իրականացնել կրթական ու վերապատրաստման ծրագրեր, կազմակերպել սեմինարներ, աշխատաժողովներ, գիտաժողովներ և այլ մասնագիտական միջոցառումներ, ինչպես նաև խթանել փորձի և լավագույն միջազգային փորձառության փոխանակումը։
Հուշագիրը կարևոր քայլ է համալսարանի և մասնագիտական համայնքի միջև կապերի ամրապնդման ճանապարհին՝ նպաստելով կրթական ծրագրերի արդիականացմանը՝ աշխատաշուկայի պահանջներին և գործատուների փորձին համահունչ։ Միաժամանակ համագործակցությունը հնարավորություն կստեղծի զարգացնելու ուսանողների և ոլորտի մասնագետների գործնական կարողությունները, բարձրացնելու մասնագիտական պատրաստվածության մակարդակը և խթանելու ոլորտի կայուն զարգացումը։
Համագործակցության հուշագրի ստորագրումը ևս մեկ կարևոր քայլ է ՃՇՀԱՀ-ի միջազգային և մասնագիտական համագործակցության ընդլայնման քաղաքականության շրջանակում՝ նպաստելով կրթության և աշխատաշուկայի արդյունավետ փոխկապակցմանը, ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանը և անշարժ գույքի ոլորտի շարունակական զարգացմանը։