(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ-2026»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորատի հերթական նիստում համալսարանի ռեկտորի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին ՃՇՀԱՀ ավագ դպրոցի այն աշակերտները, ովքեր նշանակալի հաջողություններ են գրանցել «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի շրջանակում՝ արժանանալով առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների «Ֆիզիկա և աստղագիտություն», ինչպես նաև «Մաթեմատիկա և համակարգչային գիտություններ» անվանակարգերում։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը կրթական և գիտական նախաձեռնություններին՝ կարևորելով սովորողների հետազոտական մտածողության զարգացումն ու ստեղծարար ներուժի բացահայտումը։ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի շրջանակում ավագ դպրոցը ներկայացել է վեց նախագծերով՝ գրանցելով նշանակալի հաջողություններ և զբաղեցնելով մրցանակային տեղեր։

Բոլոր նախագծերն իրականացվել են ֆիզիկայի ուսուցչուհի Լիանա Առուստամյանի ղեկավարությամբ՝ ապահովելով բարձր գիտական մակարդակ, ինչպես նաև նորարարական և ստեղծարար մոտեցումներ։

Շնորհավորելով աշակերտներին՝ համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը նշեց. «Մեզ համար առանձնահատուկ հպարտություն է տեսնել, որ մեր ավագ դպրոցի աշակերտները նման բարձր արդյունքներ են գրանցում գիտական հարթակներում։ Այս հաջողությունները վկայում են ոչ միայն նրանց աշխատասիրության ու նպատակասլացության, այլև դպրոցում ձևավորված կրթական միջավայրի արդյունավետության մասին։ Համալսարանը պատրաստ է ամեն հարցում աջակցել բոլորին նման նախաձեռնություններում և շարունակել խրախուսել գիտությամբ զբաղվելու ձգտումը։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ֆիզիկայի ուսուցչուհի Լիանա Առուստամյանին, ով արդեն վեց տարի իր նվիրված աշխատանքով, ջանք ու եռանդով իրականացնում է այս պատվաբեր առաքելությունը՝ նպաստելով աշակերտների գիտական հետաքրքրությունների բացահայտմանն ու նրանց հաջողությունների կերտմանը»։ Այնուհետև ֆիզիկայի ուսուցչուհի Լիանա Առուստամյանը պարգևատրվել է շնորհակալագրով։

Աշակերտներին շնորհավորեց նաև համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Առաքելյանը՝ ընդգծելով հետազոտական աշխատանքի կարևորությունը պատանեկան տարիքում. «Հետազոտական գործունեությունը աշակերտական տարիքում չափազանց կարևոր նշանակություն ունի։ Ուրախությամբ ցանկանում եմ նշել նաև, որ ավագ դպրոցում ձևավորվել է հետաքրքիր և նվիրված ուսուցչական անձնակազմ, որը մեծ պատասխանատվությամբ առաջնորդում է սովորողներին և նրանց հետ միասին անցնում գիտական բացահայտումների ճանապարհը։ Կարծում եմ՝ այս հաջողություններն արդեն իսկ խոսում են իրենց փոխարեն»։

ՃՇՀԱՀ-ում համոզված են, որ գիտական հետաքրքրասիրության խրախուսումը, ստեղծարար մտածողության զարգացումն ու երիտասարդ հետազոտողների աջակցությունը շարունակելու են մնալ կրթական քաղաքականության կարևոր առաջնահերթություններից։ Ավագ դպրոցի աշակերտների ձեռքբերումները ևս մեկ անգամ փաստում են, որ հետևողական աշխատանքի, նվիրված ուսուցիչների և բարենպաստ կրթական միջավայրի համադրությամբ հնարավոր է ձևավորել գիտությամբ հետաքրքրված և ապագային վստահ նայող սերունդ։

 

29.06.26