Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ Դիզայնի ֆակուլտետի կողմից կազմակերպված «Դիմակ 4» ուսանողական ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի արդյունքների ամփոփումը։
Ցուցահանդեսը համախմբել էր ստեղծագործական մտածողությամբ և ինքնատիպ գաղափարներով աչքի ընկնող տասնյակ ուսանողների՝ ներկայացնելով բազմաժանր և գեղարվեստական յուրահատուկ լուծումներով դիմակներ։ Մասնագիտական հանձնաժողովի գնահատման և քվեարկության արդյունքներով՝ I հորիզոնականը զբաղեցրեց Եվգենյա Պետրոսյանի «Կարմիր երկրի հոգին» դիմակը, II հորիզոնականը՝ Լարիսա Ստեփանյանի «Երկու հոգի, մեկ արմատ» դիմակը, III հորիզոնականը՝ Նատալի Հովակիմյանի «Արևելյան դիմագծեր» դիմակը։
Ցուցահանդեսին մասնակցած 64 ուսանողներից 61-ը ստացան մասնակցության վկայականներ, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած ուսանողները պարգևատրվեցին համալսարանական հուշանվերներով և դիպլոմներով։
Միջոցառման կազմակերպման և իրականացման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Դիզայնի ամբիոնի դոցենտ Հովհաննես Հակոբյանին, դասախոսներ Պավել Ավետիսյանին և Սերոբ Գրիգորյանին, ինչպես նաև մագիստրոս Րաֆֆի Իսպիրյանին, երրորդ կուրսի ուսանողներ Անգելինա Մելիքյանին, Սյուզի Միկոյանին և երկրորդ կուրսի ուսանող Վիգեն Պապոյանին։
«Դիմակ 4» ցուցահանդեսը դարձավ ուսանողների ստեղծագործական ներուժի, գեղարվեստական մտածողության և դիզայնի ոլորտում նորարարական մոտեցումների վառ դրսևորում՝ ևս մեկ անգամ ընդգծելով երիտասարդ ստեղծագործողների ակտիվ ներգրավվածությունն ու մասնագիտական աճը։