Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ֆրանկոֆոնիայի կենտրոնը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) Միջհամալսարանական համագործակցության և թվային նորարարության Հայաստանի գրասենյակի տնօրեն Ռուզաննա Ղալթաղչյանին։
Տեղեկատվական այցի նպատակն էր ՃՇՀԱՀ ուսանողներին ներկայացնել ՖՀԳ գործառույթները, ինչպես նաև կրթական և մշակութային տարածաշրջանային ծրագրերը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՖՀԳ նոր ռազմավարության շրջանակում համագործակցության հնարավոր ուղղությունները։ Անդրադարձ կատարվեց նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին և դրանցում բուհի ուսանողների հնարավոր ներգրավվածությանը։
ՖՀԳ Հայաստանի գրասենյակի հետ համագործակցությամբ նախանշվեց նաև մասնագիտական վերապատրաստման ծրագրի իրականացման հնարավորությունը Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի «Սերվիս» և «Զբոսաշրջություն» մասնագիտությունների ուսանողների, ինչպես նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների համար։
Ամփոփվեցին Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում անցկացված «Եթե ես խոսեի ֆրանսերեն…» թեմայով ներհամալսարանական շարադրության մրցույթի արդյունքները։ Լավագույն երեք աշխատանքների հեղինակները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով՝ խթանելով ֆրանսերեն լեզվի ուսուցումն ու դրա առավել խոր ուսումնասիրման ձգտումը։