Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ Դիզայնի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Դիմակ 4» խորագիրը կրող ուսանողական աշխատանքների հերթական ցուցահանդեսը, որն արդեն դարձել է գեղեցիկ ավանդույթ։ Միջոցառմանը ներկա էր համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտորի գլխավորությամբ, ինչպես նաև համալսարանի աշխատակիցներ, դասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Ցուցահանդեսում ներկայացված էին «Մակետավորում» դասընթացի երկրորդ կուրսի ուսանողների ստեղծագործական աշխատանքները, որոնք արտացոլում էին նրանց երևակայությունը, նորարար մտածողությունը և մասնագիտական հմտությունները։
Ցուցահանդեսը մեկնարկեց Դիզայնի ամբիոնի ղեկավար Անի Աճառյանի խոսքով: Վերջինս ողջունելով ներկաներին՝ ընդգծեց ցուցահանդեսի շարունակականությունն ու նշանակությունը. «Մեզ համար մեծ ուրախություն է արդեն ավանդույթ դարձած այս ցուցահանդեսում ներկայացնել մեր ուսանողների աշխատանքները։ «Մակետավորում» դասընթացը կարևոր դեր ունի, քանի որ ուսանողները կարողանում են իրենց ամենահամարձակ գաղափարները կյանքի կոչել և ձևավորել մասնագիտական մտածողություն»:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Դիզայնի ամբիոնի դոցենտ Հովհաննես Հակոբյանը, դասախոսներ Պավել Ավետիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Արմեն Խաչատրյանը և ուսումնական վարպետ Րաֆֆի Իսպիրյանը։ Կազմակերպչական աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն են ունեցել նաև ֆակուլտետի ուսանողները։
Հովհաննես Հակոբյանը իր խոսքում նշեց. «Այս առարկայի շրջանակում ուսանողներին տրվում է ստեղծագործական ազատություն՝ իրենց գաղափարներն ինքնուրույն զարգացնելու և ներկայացնելու համար։ Ուրախալի է տեսնել նրանց ոգևորությունն ու նվիրվածությունը, որոնք մեզ մղեցին այս ցուցահանդեսը դարձնել շարունակական և սպասված նախաձեռնություն»։
«Դիմակ 4» ցուցահանդեսը ևս մեկ անգամ վկայեց, որ ՃՇՀԱՀ-ում ստեղծագործական կրթությունը զարգանում է կայուն և շարունակական կերպով՝ ձևավորելով նորարար և մրցունակ մասնագետներ։