(010) 303-300

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

ՃՇՀԱՀ-ում անցկացվեց «Միջազգային ավտոճանապարհների ներկա վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը։ Միջոցառումը կազմակերպվել էր ԱՊՀ մասնակից պետությունների Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։

Պլենար նիստի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՊՀ մասնակից պետությունների Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախագահ Բ. Կարիմովը։ ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի ողջույնի խոսքը ներկայացրեց համալսարանի Միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ելենա Գրիգորյանը։

Համաժողովին մասնակցում էին ՀՀ ՏԿԵՆ ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հայաստանում և ԱՊՀ երկրներում գործող խոշոր ճանապարհաշինարարական կազմակերպությունների ղեկավարներ, պետական գիտահետազոտական ինստիտուտների և լաբորատորիաների ներկայացուցիչներ, գիտնականներ և ոլորտի այլ մասնագետներ։

Միջոցառման շրջանակում ներկայացվեցին զեկուցումներ վերգետնյա և ստորգետնյա ճանապարհային ցանցերի նախագծման, կառուցման և շահագործման, ճանապարհային ծածկերում ասֆալտբետոնե խառնուրդների կիրառման վերաբերյալ։ Անդրադարձ կատարվեց նաև ճանապարհաշինարարության ոլորտում իրականացված նորագույն հետազոտությունների արդյունքներին, ԱՊՀ միջպետական ճանապարհային ցանցի ներկա վիճակին և առաջիկա զարգացման ծրագրերին։

Համաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր՝ ամփոփելով մասնագիտական քննարկումներով և համագործակցության նոր հնարավորություններով հագեցած այս կարևոր միջոցառումը։

03.04.26