Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի ճարտարապետների պալատի համագործակցությամբ կայացավ Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Ասատրյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կրում էր «Հայկ Ասատրյան. Ստեղծագործությունների անհատական, հոբելյանական ցուցահանդես» խորագիրը։
Ցուցահանդեսում ներկայացված էին շուրջ 50 աշխատանքներ՝ տարբեր թեմաներով, որոնք արտացոլում էին պրոֆեսորի ստեղծագործական բազմակողմանիությունն ու մասնագիտական երկարամյա փորձը։
Նշենք, որ պրոֆեսոր Հայկ Ասատրյանի առաջին անհատական ցուցահանդեսը այս խորագրով կայացել է 2015 թվականին՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։
Միջոցառմանը ներկա էին համալսարանի դասախոսներ, աշխատակիցներ, ինչպես նաև ուսանողներ, ովքեր հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու պրոֆեսորի ստեղծագործական ժառանգությանը։
Հավելենք, որ Հայկ Ասատրյանը 1966 թվականից գործունեություն է ծավալում որպես ճարտարապետ։ Նրա մասնագիտական բազմամյա ուղին նշանավորվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային մրցանակներով և ձեռքբերումներով՝ հաստատելով նրա կարևոր դերակատարությունը ոլորտում։