(010) 303-300

ԿԱՅԱՑԱՎ «ԳՈՒՅՆ 4» ԽՈՐԱԳՐՈՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Գունատեսության դասընթացի շրջանակներում ՃՇՀԱՀ-ում մեկնարկեց արդեն թվով 4-րդ ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը՝ «Գույն 4» խորագրով։ Ցուցահանդեսը միավորել էր Դիզայնի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների ստեղծագործական աշխատանքները՝ ներկայացնելով նրանց գունային մտածողության, ձևի ընկալման և անհատական երևակայության բազմազան դրսևորումները։

Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, Աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, համալսարանի աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ, ովքեր մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ներկայացված աշխատանքներին և բարձր գնահատեցին երիտասարդ ստեղծագործողների ներուժը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դիզայնի ամբիոնի ղեկավար Անի Աճառյանը՝ ընդգծելով ցուցահանդեսի կարևորությունը ուսանողների մասնագիտական կայացման ճանապարհին. «Սիրով ողջունում եմ բոլոր ներկաներին։ Այսօր ներկայացված յուրաքանչյուր աշխատանք առաջին կուրսի ուսանողների ստեղծագործական մտածողության, գունային զգացողության և երևակայության վառ արտահայտությունն է։ Ուրախությամբ նշում եմ նաև, որ մեր ֆակուլտետում նման ցուցահանդեսները կրում են շարունակական բնույթ, և այս առիթով շնորհակալություն եմ հայտնում ֆակուլտետի դեկան պարոն Մելիքյանին՝ մշտական աջակցություն ցուցաբերելու համար»։

Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները համակարգվել էին ֆակուլտետի դասախոսներ Մալխասյան Քնքուշի, Պողոսյան Լուսինեի, Մովսիսյան Լուսինեի, Նահապետյան Տաթևի և Մանգասարյան Ինգայի կողմից, որոնց ջանքերով ստեղծվել էր ստեղծագործական միջավայր՝ միավորելով ուսանողների գաղափարներն ու տեսլականները մեկ հարթակում։

«Գույն 4» ցուցահանդեսը ևս մեկ անգամ փաստում է, որ ստեղծագործ միտքը չի սահմանափակվում փորձով կամ տարիներով․ այն ձևավորվում և զարգանում է առաջին իսկ քայլերից։ Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն երիտասարդների ստեղծագործական ներուժի բացահայտման և խրախուսման գործում՝ ձևավորելով վաղվա մասնագետների յուրահատուկ աշխարհայացքը։

19.03.26