Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ Շինարարների միության 4-րդ համագումարը:
Համագումարին ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Ռուսաստանի և Բելառուսի Շինարարների միության նախագահները, ՀՀ Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, փոխնախարարներ, դեսպանատան ներկայացուցիչներ, շինարարներ:
«Շինարարության ոլորտը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում»՝ ողջունելով համագումարի մասնակիցներին նշեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նա նկատեց, որ վերջին տարիների անկումային ցուցանիշներից հետո ոլորտը կայունացել և ոտքի է կանգնում: Շինարարության ընդհանուր ծավալները 2018 թ-ի առաջին 10 ամսվա արդյունքներով աճել են 6,5 տոկոսով, այդ թվում` 25 տոկոսով աճել են պետական բյուջետային ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության ծավալները:
«30 տարի առաջ, երբ լսեցի երկրաշարժի գույժը, մտքովս էլ չէր անցնում, որ երեք տասնյակ տարի հետո ղեկավարելու եմ մի ոլորտ, որն աղետի հետևանքները վերացնելու պատասխանատուն է լինելու»,- իր խոսքը սկսեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը՝ հորդորելով յուրաքանչյուրին գիտակցել, թե ինչ հետք է թողնելու իր գործունեությունը Հայրենիքի շենացման գործում. «Քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը պետք է դիտարկել մեկ ընդհանուր համատեքստում: Երկիրը պետք է ունենա պետական պլանավորում, ամեն մի թիզ հողը պետք է կառուցապատվի այս տրամաբանությամբ»:
Ներկայացնելով շինարարի՝ անձնվեր և կարևորագույն առաքելությունը, Հայաստանի շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը խոսեց շինարարությանն ու քաղաքաշինությանն առնչվող գործառույթները մեկ լիազոր մարմնում կենտրոնացնելու անհրաժեշտության, քաղաքաշինության ոլորտում պետական փորձաքննական կառույցի ստեղծման, մասնագիտական կադրերի, կրթության որակի բարելավման և շինարարներին հուզող այլ հարցերի մասին:
Գ. Գալստյանը նշեց, որ Շինարարների միությունը մշտապես մասնակցել է օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին, քննարկումներին, հանդես եկել դաշտը բարելավելուն ուղղված հիմնավոր առաջարկներով.
Միությունն ընդգրկված է բազմաթիվ պետական, կառավարական, միջգերատեսչական հանձնաժողովներում և խորհուրդներում, այդ թվում՝ Հանրային խորհրդի հանձնաժողովներում, «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման» ազգային խորհուրդներում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ Գույքի կառավարման վարչության կոլեգիաների կազմում և լիցենզավորման հանձնաժողովներում, ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում և այլն: Շինարարների միությունը քայլում է Հայաստանի ճարտարապետների միության և ոլորտի մայր բուհի հետ միասին: Նրանց միջև դեռևս 2006 թ. կնքված եռակողմ հուշագրով համագործակցությունը գործնականորեն դարձել է ավելի բազմակողմանի և արդյունավետ: Բոլոր ձեռքբերումներն ու հաջողությունները միասնական աշխատանքի արդյունք են: Եռակողմ են եղել մեր բոլոր քննարկումները՝ պետական թե հասարակական միջավայրում: Համատեղ իրականացվել են օրենսդրական և իրավական ակտերի մշակումներ, մասնագիտական, կրթական բարեփոխումների ծրագրեր:
Համագումարի ընթացքում ներկայացվեց ՀՀ Շինարարների միության նոր կանոնադրությունը, ընտրվեց խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի նոր կազմեր։
Գագիկ Գալստյանը միաձայն վերընտրվեց ՀՀ Շինարարների միության նախագահի պաշտոնում։