Հարգելի՛ համալսարանական համայնք,
հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ,
Տարվա ավարտը միշտ կարևոր առիթ է՝ ամփոփելու անցած ճանապարհը, գնահատելու իրականացված աշխատանքը և հստակ ձևակերպելու առաջիկա նպատակներն ու տեսլականը։ Ավարտվող տարին մեր համալսարանի համար եղել է պատասխանատու և բովանդակային փոփոխությունների, ծրագրային վերանայման և զարգացման նոր ուղղությունների ձևավորման տարի։
Անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքը ևս մեկ անգամ հաստատեց, որ համալսարանի հիմնական արժեքն ու հենարանը մարդկային ներուժն է՝ ակադեմիական կազմը, գիտաշխատողները, վարչական աշխատակիցները և ուսանողներն ու աշակերտները։ Ձեր մասնագիտական նվիրվածության, հետևողական աշխատանքի և բարձր պատասխանատվության շնորհիվ հնարավոր է եղել ապահովել կրթական և գիտական գործընթացի դինամիկ զարգացումը, ինչպես նաև ձևավորել հետագա բարեփոխումների ամուր հիմք։
Մենք հետևողականորեն շարժվում ենք այն ուղով, որի նպատակն է ունենալ ժամանակակից, մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխան համալսարան՝ հիմնված կրթության և գիտության որակի բարձրացման, ինչպես նաև կառավարման արդյունավետության վրա։ Այդ ճանապարհին կարևոր է ոչ միայն փոփոխություններին արձագանքելը, այլև նախաձեռնող դիրք զբաղեցնելը՝ ձևավորելով նոր մոտեցումներ և լուծումներ։
Նոր տարին մեր առջև բացում է նոր հնարավորություններ և պարտավորեցնում շարունակել սկսված բարեփոխումները՝ ավելի մեծ պատասխանատվությամբ և միասնական ջանքերով։ Շնորհակալություն եմ հայտնում համալսարանի ողջ համայնքին՝ անցնող տարում ցուցաբերած նվիրված և արդյունավետ աշխատանքի համար։ Ցանկանում եմ նշել, որ առաջիկայում դարձյալ մեր առաջնահերթությունները կմնան կրթական ծրագրերի զարգացումը, գիտության և նորարարության խթանումը, միջազգային համագործակցության խորացումը, ինչպես նաև ուսանողակենտրոն կրթական միջավայրի ձևավորումը։
Սիրելի՛ համալսարանականներ,
Թող գալիք տարին լինի խաղաղության, կայունության և արդյունավետ աշխատանքի տարի։ Մաղթում եմ ձեզ առողջություն, մասնագիտական հաջողություններ և նոր ձեռքբերումներ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ՝ շարունակական զարգացման, նոր հաջողությունների և ձեռքբերումների, ստեղծարար և բարեկեցիկ 2026։