(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալեց ՀՀ-ում ԱՊՀ անդամ երկրների միջազգային հումանիտար համագործակցության, արտերկրում բնակվող հայրենակիցների գործերով Ռուսաստանի դաշնային գործակալության («Россотрудничество») ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի գլխավորած պատվիրակությանը, ինչպես նաև ՀՀ-ում «Ռուսական հումանիտար առաքելություն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Արսենիյ Պրոնինին։

Ողջունելով հյուրերին՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանն ընդգծեց համալսարանի և Ռուսաստանի դաշնության բուհերի ու կազմակերպությունների միջև ձևավորված փոխշահավետ և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ կրթական, գիտական և մշակութային ուղղություններով։

Գործընկերների կողմից իրականացված նվիրատվության արդյունքում համալսարանը համալրվեց մասնագիտական նորագույն գրականությամբ՝ համապատասխան ֆակուլտետների կողմից նախապես ներկայացված կարիքներին համահունչ։ Նշվեց, որ գրադարանային ֆոնդի համալրման գործընթացը լինելու է շարունակական, և առաջիկայում ևս նախատեսվում է դրա ընդլայնում։

Միևնույն ժամանակ Վադիմ Ֆեֆիլովը ռեկտոր Մանուկ Բարսեղյանին փոխանցեց «Россотрудничество» գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովի շնորհակալագիրը՝ ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման, Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար։

Այս համատեքստում կարևորվեց նաև ՃՇՀԱՀ-ում գործող «Ռուսաց լեզվի կենտրոնի» գործունեությունը, որը հանդիսանում է կրթական և մշակութային արդյունավետ հարթակ՝ նպաստելով ուսանողների լեզվամշակութային կարողությունների զարգացմանը, միջազգային ծրագրերին մասնակցությանը և ռուսական կրթամշակութային միջավայրի հետ կապերի ամրապնդմանը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել և խորացնել համագործակցությունը՝ առաջիկայում կազմակերպելով ուսանողական ամառային դպրոցներ, իրականացնելով փոխանակման ծրագրեր, ինչպես նաև ապահովելով ուսանողների և երիտասարդ մասնագետների ակտիվ ներգրավվածությունը միջազգային և մշակութային փառատոններին։

29.12.25