(010) 303-300

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԵՐԵՎԱՆ 2025» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ավարտվեց «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովի նպատակն էր խթանել քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտում նորարարական գաղափարների փոխանակումը, գիտական հետազոտությունների արդյունքների ներկայացումը և ոլորտի առաջատար մասնագետների արդյունավետ համագործակցությունը։

Միջոցառումը համախմբել էր 21 պաշտոնական պատվիրակություն, որոնցից 5-ը մասնակցում էր հեռավար ձևաչափով։ Գիտաժողովին մասնակցում էին նաև արտերկրի 23 հետազոտողներ՝ ներկայացնելով 10 բուհեր։ Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 101 աբստրակտ, որոնք բաժանվել էին 13 թեմատիկ ուղղությունների և քննարկվել 4 սեկցիաներում։ Գիտաժողովի շրջանակում հնչեցվել է 61 զեկույց, իսկ գիտական հոդվածների 15-20-ն անվճար կհրապարակվեն Growth and Change միջազգային պարբերականում։

Միջազգային գիտաժողովի փակմանը ելույթով հանդես եկավ ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը՝ ընդգծելով գիտաժողովի կարևորությունը և դրա արդյունքները.

«Հարգելի՛ գործընկերներ, գիտնականներ, «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» միջազգային գիտաժողովը եզրափակում ենք բարձր մասնագիտական և գիտական մակարդակով։ Այս երկու օրերի ընթացքում մենք ունեցանք բովանդակային զեկուցումներ, արդյունավետ քննարկումներ և գաղափարների փոխանակում, որոնք ընդգրկեցին քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության ամենաարդիական ուղղությունները։ Այս գիտաժողովը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գիտության, կրթության, պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը կարող է դառնալ ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, մեր հարգարժան հյուրերին, գործընկեր համալսարաններին և կազմակերպիչ թիմին՝ գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու, ակտիվ ներգրավվածության, գիտական ներդրման և միասնական աշխատանքի համար։ Հաշվի առնելով գիտաժողովի հաջող ընթացքն ու նշանակությունը՝ առաջարկում եմ այն դարձնել ավանդույթ և կազմակերպել առնվազն երկու տարին մեկ անգամ։ Մենք պատրաստ ենք հաջորդ գիտաժողովը կրկին անցկացնել Հայաստանում, ինչպես նաև մեծ սիրով կընդունենք մեր գործընկերների նախաձեռնությունը այն կազմակերպելու իրենց երկրներից մեկում՝ ապահովելով մեր լիարժեք աջակցությունը»։

Գիտաժողովը եզրափակվեց փոխադարձ շնորհակալական խոսքերով և համագործակցության նոր հեռանկարներով՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ գիտության և ինժեներական մտածողության զարգացումը հանդիսանում է կայուն ապագայի կառուցման առանցքային հիմքերից մեկը։

29.10.25