(010) 303-300

ՃՇՀԱՀ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

Հայաստանի ճարտարապետների պալատում կայացել է ճարտարապետների պարգևատրման արարողությունը, որին մասնակցել են պետական կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ, այդ թվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը և այլք։ Միջոցառման ընթացքում շնորհվել են մեդալներ, շնորհակալագրեր և դիպլոմներ՝ ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ և «Ճարտարապետական ստեղծագործությունների 2025թ. ստուգատես-մրցույթի» արդյունքների ամփոփման շրջանակում։

Պարգևատրվել են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետները, որոնք արժանացել են մեդալների և շնորհակալագրերի։ Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար ոսկե մեդալով են պարգևատրվել ՀՀ ճարտարապետների պալատի փոխնախագահ, ՃՇՀԱՀ դասախոս Բորիս Քոչարյանը, ՃՇՀԱՀ դոցենտ Արշավիր Աղեկյանը, ՀՀ ճարտարապետների պալատի փոխնախագահ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ Արև Սամուելյանը։ «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալով է պարգևատրվել ՃՇՀԱՀ քաղաքաշինության ամբիոնի վարիչ պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու Զարուհի Մամյանը, «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարեն Ռաշիդյանցը, «Ալեքսանդր Թամանյան» ոսկե մեդալով՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը, իսկ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագրով է պարգևատրվել Քաղաքաշինության ամբիոնի դասախոս Հարություն Ղասաբյանը և  Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու Արթուր Մանուկյանը։

Միջոցառման ընթացքում ընդգծվել է, որ այսօր ճարտարապետներն առավել քան երբևէ պահանջված են՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ծրագրերի իրականացման գործընթացներում։ Նշվել է նաև ճարտարապետական կրթության և մասնագիտական միջավայրի զարգացման կարևորությունը, ինչպես նաև ճարտարապետների դերը՝ քաղաքի, հանրային տարածքների և միջավայրի որակի բարելավման գործում։

Միջոցառման ավարտին մի խումբ մասնագետների փոխանցվել են նաև Երևանի քաղաքապետարանի պարգևները։

18.10.25