Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ ռեկտորատի հերթական նիստը, որը մեկնարկեց հանդիսավոր արարողությամբ։ Ռեկտոր Մանուկ Բարսեղյանը հանձնեց պատվոգրեր համալսարանի նվիրյալ աշխատակիցներին՝ բարձր գնահատելով նրանց տարիների նվիրումն ու ներդրումը։
Ռեկտորը շնորհավորեց Դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Բաղդասարյանին՝ 80-ամյակի կապակցությամբ․ «Պարոն Բաղդասարյանը համալսարանում երկար տարիներ իրականացրել է նվիրյալ աշխատանք, նպաստել է Դիզայնի ամբիոնի և ոլորտի զարգացմանը։ Նրա անգնահատելի ավանդը մեր բուհի պատմության կարևոր էջերից է։ Ուրախ եմ այսօր մեր համալսարանի անունից հանձնել պատվոգիր՝ որպես երախտագիտության խորհրդանիշ»։
Աշոտ Բաղդասարյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց․
«Տարիների ընթացքում մեր համատեղ ջանքերով հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ նախաձեռնություններ, ամրապնդել դիզայնի ոլորտը և իրականացնել կարևոր ծրագրեր։ Շնորհակալ եմ համալսարանին և գործընկերներիս այդ ուղու համար»։
Շնորհակալագրով պարգևատրվեց նաև համալսարանի գլխավոր իրավաբան Սլավա Սարգսյանը՝ 80-ամյակի և երկարամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ։
Ռեկտորը նշեց․ «Պարոն Սարգսյանը իր մասնագիտական փորձով և բարձր պատասխանատվությամբ մեծապես նպաստել է համալսարանի կայացմանը և զարգացմանը։ Նրա հավատարիմ ծառայությունն ու անկեղծ նվիրվածությունը արժանի են բարձր գնահատանքի»։
Սլավա Սարգսյանը, ստանալով շնորհակալագիրը, ընդգծեց․ «Իմ բոլոր հաջողությունները հնարավոր են դարձել համալսարանի ողջ ընտանիքի շնորհիվ։ Իրավագիտության ոլորտում միայն մասնագետ լինելը բավարար չէ, այլ անհրաժեշտ են այն հիմնական օղակները, որոնք ներգրավվում են և աջակցում լավ արդյունքի հասնելու համար: Շնորհակալ եմ բոլորիդ այս միասնականության համար»։
Հանդիսավոր հատվածից հետո նիստը շարունակվեց օրակարգային հարցերի քննարկմամբ։