(010) 303-300

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ «ՄԱԿԱՐՈՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը պատվով մասնակցեց «Մակարոնային շինարար» միջազգային հեղինակավոր մրցույթին՝ Շինարարության ֆակուլտետի ուսանողական թիմով։ Համալսարանական թիմը մրցույթում գրանցեց նշանակալի արդյունք՝ «Ամենամեծ բացվածքով կառույց» անվանակարգում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ Հաղթող թիմի անդամներն են Վլադիմիր Սաֆիրիդի, Մովսես Հակոբյան, Գևորգ Հյուսիսյան, Տիգրան Թևոսյան և Նիկոլայ Հարությունյան։

«Մակարոնային շինարար» մրցույթը դարձել է ուսանողների համար յուրահատուկ հնարավորություն՝ փորձելու իրենց ուժերը շինարարական մեխանիկայի, նախագծման մտածողության և ճարտարապետական փորձառության ոլորտներում։ Այն նաև խթանում է մասնագիտական հաղորդակցությունը, ստեղծագործական գաղափարների փոխանակումն ու գործնական փորձի ձեռքբերումը միջազգային միջավայրում։

Այս կարևոր ձեռքբերման առիթով՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը ռեկտորատի նիստի ընթացքում անձամբ շնորհավորեց թիմի անդամներին և հանձնեց դիպլոմները՝ նշելով․«Մեր ուսանողները սկսել են ակտիվորեն մասնակցել միջազգային մրցույթներին և արդեն արձանագրում են հաջողություններ։ Այդպիսի նախաձեռնություններն առավել քան ողջունելի են, քանի որ խթանում են ֆակուլտետի միջազգայնացման գործընթացը, ինչը կարևորագույն քայլ է մեր կրթության որակի բարձրացման ճանապարհին։ Ուրախ ենք, որ մեր ուսանողները ոչ միայն ցուցաբերում են մասնագիտական պատրաստվածություն, այլ նաև ներկայացնում են համալսարանը՝ արժանապատվորեն հանդես գալով միջազգային հարթակներում։ Շնորհավորում եմ նրանց այս ձեռքբերման համար և մաղթում նոր հաջողություններ»։

23.05.25