(010) 303-300

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցությամբ իրականացավ հայ ճարտարապետության մեծ նվիրյալ, ոլորտի գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի ցուցադրության բացումը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը։ Նա նշեց․ «Ճարտարապետական ժառանգության վերականգնման նոր մագիստրոսական ծրագրի շրջանավարտների ներկայացումը այս ցուցահանդեսով առանձնակի խորհուրդ ունի։ Շատ խորհրդանշական է, որ հենց այսօր, երբ նրանք պաշտպանում են իրենց ավարտական աշխատանքները՝ նվիրված Թորոս Թորամանյանին, տեղի է ունենում նմանատիպ ցուցահանդեսի բացումը։ Սա ոչ միայն պատիվ է Թորամանյանի թողած ժառանգությանը, այլև վկայություն է, որ նոր սերունդը շարունակում է նրա ուղին՝ արժևորելով ազգային ճարտարապետական հուշարձանների վերականգնումը»։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը. «Մայիսի 18-ին ամբողջ աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը։ Իսկ Հայաստանը, լինելով բաց երկնքի տակ մի մեծ թանգարան, հնարավորություն ունի ամեն օր տոնելու իր հուշարձաններից որևէ մեկի օրը։ Այս առումով օրն առավել խորհրդանշական է, քանի որ մեր միջնադարյան ճարտարապետության, հնագիտության և վաղ շրջանի հուշարձանների առաջին մասնագիտական, մանրակրկիտ չափագրումներն ու ուսումնասիրությունները կապվում են Թորոս Թորամանյանի անվան հետ։ Նրա թողած գիտական ժառանգությունը հիմք է հանդիսացել ճարտարապետական բազմաթիվ հուշարձանների վերականգնման և պահպանության գործի համար։ Այսօր, երբ նոր սերունդն է շարունակելու այդ ուղին, մեզ մնում է միայն ուրախանալ, որ այդ արժեքավոր գործը գտել է իր արժանի շարունակությունը»։

Միջոցառումը նպատակ ուներ արժևորել Թորոս Թորամանյանի գիտական ու մշակութային ժառանգությունը՝ հատկապես երիտասարդ սերնդին նրա գործունեության ու թողած ժառանգության ներկայացման միջոցով։

Ցուցադրությունում ներկայացված էին ճարտարապետի Անիում և Հայաստանի տարբեր շրջաններում իրականացրած չափագրությունները, հուշարձանների լուսանկարները, ինչպես նաև բացառիկ նյութեր՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թորամանյանի անձնական Ֆոնդից, որոնք հասնում են շուրջ 4000 միավորի՝ ներառյալ չափագրություններ, գեղարվեստական ու փաստագրական նկարագրություններ, ինչպես նաև լուսանկարներ՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանի ճարտարապետական ժառանգության վերաբերյալ։

Ցուցադրության ՃՇՀԱՀ 2-րդ հարկում բաց կլինի մինչև հունիսի 6-ը։

21.05.25