Էրազմուս+ «Սովորիր, նորարարիր, վաճառիր, հաջողիր» (Erasmus+ LISS24) ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց «Նորարարական գաղափարների գեներացում» վերապատրաստման դասընթացի մասնակցության հավաստագրերի և մրցույթում հաղթող ճանաչված թիմերին դրամական պարգևների սերտիֆիկատների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՃՇՀԱՀ-ի աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը և LISS24 նախագծի համակարգող, Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը։
Պարոն Կարապետյանը կարևորեց ուսանողների մասնակցությունը նմանատիպ մրցույթներին՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են ուսանողների նորարարական մտածողության, ստեղծարար հմտությունների և գործնական կարողությունների զարգացմանը։
Վերապատրաստման դասընթացներին ակտիվ մասնակցած 23 ուսանողներ արժանացան մասնակցության հավաստագրերի, իսկ մրցույթում հաղթող ճանաչված երեք թիմերն իրենց բիզնես գաղափարները ներկայացրին մասնակիցներին: Արդյունքում առաջին մրցանակը տրվեց (150.000 դրամ) «Flinxy» մարքեթինգային հարթակ/հավելված բիզնես գաղափարին, որի հեղինակներ էին Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Նելլի Զալյանը և Վաչագան Վարդանյանը։ Երկրորդ մրցանակը տրվեց (120.000 դրամ) «Ablelife» հարթակի բիզնես գաղափարին, որի հեղինակներն էին Դայանա Խաչատրյանը (Ճարտարապետության ֆակուլտետ, 2-րդ կուրս), Հասմիկ Ղզրոյանը (Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ, 2-րդ կուրս), Հեսու Աղաբեկյանը և Եվա Հայրապետյանը (Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետ, 3-րդ կուրս)։ Երրորդ մրցանակը տրվեց (80.000 դրամ) «Զրահաբաճկոն» բիզնես գաղափարին, որի հեղինակներն էին Հայկ Հյուսիսյանը և Արման Պողոսյանը (Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ, 1-ին կուրս), Արուսյակ Ղազարյանը (Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետ, 1-ին կուրս), Լիանա Պետրոսյանը (Ճարտարապետության ֆակուլտետ, 1-ին կուրս)։
Բիզնես գաղափարների ներկայացումից հետո թիմերին հանձնվեցին դրամական պարգևների սերտիֆիկատներ։
Միջոցառման ավարտին շնորհավորական ելույթներով հանդես եկան ՃՇՀԱՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը և Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանը։