(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԷՐ ԴՐՎԱԾ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում համատեղ քննարկում էր կազմակերպվել՝ ՙԲետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ՚ շինարարական նորմերի մշակված և տեղայնացված տարբերակի բովանդակության ու սկզբունքային դրույթների ուսումնասիրության համար: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանը, համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը և համալսարանի ներկայացուցիչներ:

Օրվա բանախոսն էր ՃՇՀԱՀ-ի Շինկոնստրուկցիաների ամբիոնի վարիչ և Շինարարական նորմերի մշակման և տեղայնացման համար ստեղծված մասնագիտական խմբի ղեկավար Տիգրան Դադայանը, ով ներկայացրեց ՙԲետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ՚ շինարարական նորմերի առաջին խմբագրությունից ստացված գնահատականները, լրացումներն ու դիտողությունները:

Հարկ է հիշել, որ այս գաղափարը ծնվել է դեռևս անցյալ տարվա նոյեմբերին՝ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված գնման պայմանագրով, ըստ որի, մեր համալսարանը մեկ տարվա ընթաքում պետք է մշակեր և տեղայնացներ ՙԲետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ՚ և ՙՊողպատե կոնստրուկցիաներ՚ ՀՀ շինարարական նորմերը, ինչի նպատակով ձևավորվեց մասնագիտական խումբ: Խմբում, ՇԿ ամբիոնի վարիչ Տիգրան Դադայանի ղեկավարությամբ, ընդգրկված էին  ՇԿ ամբիոնի պրոֆեսոր Թեմուր Մարգարյանը, ՇԿ ամբիոնի դոցենտ Լուսինե Կարապետյանը և ՇԿ ամբիոնի դոցենտ Դավիթ Գրիգորյանը:

Աշխատանքի սկզբում խմբի կողմից ուսումնասիրվեցին և համեմատության մեջ դրվեցին տարբեր երկրներում գործող համանման Շինարարական նորմատիվային փաստաթղթերը և, համաձայն պայմանագրի, 2017թ-ի վերջին կազմվեց հաշվետվություն և ներկայացվեց ՀՀ Քաղաքաշինության Կոմիտեին: Հաշվետվությունում ներկայացված էին հիմնական ուղղություններն ու սկզբունքային հարցերը, որոնք ներառվելու էին մշակվող Շինարարական նորմերում:

Այս տարվա սկզբից սկսվեցին բուն Շինարարական նորմերի մշակման ու տեղայնացման բարդ և աննախադեպ աշխատանքը, քանզի մինչ այս ՀՀ-ում չի եղել ոչ Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներին, ոչ Պողպատե կոնստրուկցիաների նվիրված նորմատիվային փաստաթուղթ: Հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ Նորմերի մշակման ընթացքում հաշվի են առնվել ՀՀ-ում արդեն ընդունված և կիրառվող Շինարարական նորմերը, մասնավորապես՝ Սեյսմակայուն շինարարություն, Քարե և ամրանաքարե կոնստրուկցիաներ, Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում, Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն և այլ նորմեր:

ՙՊողպատե կոնստրուկցիաներ՚ նոր, մշակված և տեղայնացված շինարարական նորմերի առաջին խմբագրությունը հոկտեմբերի սկզբին ուղարկվել էր շինարարական, ինժեներական ոլորտի 15 գիտական, մասնագիտական կազմակերպությունների, որոնցից ստացված  առաջարկություններն արդեն իսկ ներառված են երկրորդ խմբագրությունում:  Ներկայումս «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը գրեթե ավարտական փուլում են, կատարվում են վերջին լրացումներն ու ձևակերպումները՝ ՀՀ Քաղաքաշինության Կոմիտեի ցուցումներով: 

09.11.18