(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՌՈՍՍՈՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈՅԻ ԵՎ ՃՇՀԱՀ-Ի ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԻԾԸ

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեց Երևանի Ռուսական տան «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության և համալսարանի համատեղ նախաձեռնած պաստառների յուրօրինակ մրցույթը՝ նվիրված հաղթանակի տարեդարձին։

Մրցույթի հիմնական թեման հայերի ներդրումն է ֆաշիստական Գերմանիայի պարտության գործում։ Աշխատանքները կգնահատվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, իսկ եզրափակիչ փուլի մասնակիցների լավագույն ստեղծագործությունները կզարդարեն ամփոփիչ ցուցահանդեսը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հայ ժողովրդի դերը պատմության այդ վճռորոշ շրջանում։

Միջոցառման ընթացքում հյուրերին ողջունեցին ՃՇՀԱՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը և համանուն ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը։ Իր խոսքում Արտաշես Մելիքյանը կարևորեց նախագծի խորքային նշանակությունը՝ նշելով. «Դա, համաշխարհային մասշտաբով, մեծագույն հաղթանակ է, որովհետև, իմ խորին համոզմամբ, հենց նրանք են եղել և կմնան մարդկության հանճարեղ սերնդի ներկայացուցիչները։ Այս նախագիծը մեծ պատասխանատվություն է։ Առավել ևս, որ թեման վերաբերում է հենց հայերի ներդրմանը։ Ավելորդ համեստությունը տեղին չէ, որովհետև պատմությունը բոլորին է հայտնի, և բոլորը գիտեն՝ մեծ է հայերի ներդրումը այդ հաղթանակի գործում։ Եվ կան մարդիկ, ում մասին պետք է հավերժ հիշել։ Շնորհակալ ենք ձեր նախաձեռնության համար»։

Մրցույթի շրջանակում բուհում անցկացվում են նաև կրթական և մշակութային տարբեր միջոցառումներ, որոնցից մեկն էլ Երևանի Ռուսական տան կողմից կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթն էր։ Ուսանողների համար նախատեսված խաղը բաղկացած էր 5 փուլից, որոնց ընթացքում մասնակիցները փորձեցին իրենց գիտելիքները, տրամաբանությունն ու արագ կողմնորոշվելու հմտությունները։ Թեժ մրցակցության արդյունքում հաղթող ճանաչվեց «Արջերը» թիմը՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և թիմային համագործակցություն։

Հանդիպման ավարտին Երևանի Ռուսական տան ներկայացուցիչները բուհի ռուսական կենտրոնին նվիրեցին ռուսական դասականների և ժամանակակից հեղինակների գրքեր՝ նպաստելով ռուսական մշակույթին ծանոթանալուն։

28.02.25