ՃՇՀԱՀ-ում անցկացվեց Գրքի տոնին նվիրված հանդիպում-քննարկում, որը վարում էր պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։ Միջոցառման հիմնական թեման էր «Հայկական եկեղեցիներն ու վանքերը միջազգային փոստային բացիկներում (19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ)», որը մասնակիցներին հնարավորություն տվեց բացահայտելու հայկական ճարտարապետության եզակի էջերը՝ արտացոլված հնագույն փոստային բացիկներում։
Բացի հիմնական թեմայից, Հայկ Դեմոյանը ներկայացրեց նաև իր հեղինակած գրքերից մի քանիսը, պատմեց դրանց ստեղծման նախադրյալների, հետազոտական գործընթացի և տեղեկությունների հավաքագրման մասին։ Նա ընդգծեց, որ գրքի ստեղծումը միայն պատմական փաստերի հավաքագրում չէ, այն նաև համբերատար որոնումների, մանրակրկիտ վերլուծության և նոր բացահայտումների արդյունք է։
Քննարկման ընթացքում շոշափվեց նաև գրքի դիզայնի և մատուցման ձևաչափերի կարևորությունը՝ հաշվի առնելով ժամանակի փոփոխությունները։
Հայկ Դեմոյանը խոսելով գրքերի աշխարհի մասին նշեց. «Օրվա խորհրդով պայմանավորված շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում եմ խոսել իմ գրքերի ստեղծման մասին. Երբ կրիտիկական ծավալ է գալիս գիտելիքի և եղած նոր նյութի միջև, ծնվում է գիրք գրելու գաղափարը։ Ժամանակները փոխվում են, բայց անձամբ ես չեմ ընդունում էլեկտրոնային գրքերի գաղափարը, քանի որ դրանք չեն կարող փոխարինել իրական գրքի զգացողությունն ու արժեքը։ Իմ գրադարանում ունեմ շուրջ 5000 կտոր գիրք, և յուրաքանչյուրի պատմությունը հիշում եմ՝ որտեղից եմ գնել, երբ և ինչ պայմաններում։ Ժամանակները փոխվում են, տեխնոլոգիաներն արագ զարգանում, սակայն գիրքը մնում է կենդանի՝ իր անփոխարինելի դերով մշակութային ժառանգության պահպանման գործում:»։
Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու պարոն Դեմոյանի գրքերին, ուսումնասիրելու նրա հավաքածուները և զրուցելու հեղինակի հետ։ Քննարկումը վերածվեց մտքերի ակտիվ փոխանակման, որտեղ ընթերցանության մշակույթի, պատմական ժառանգության և ճարտարապետական արժեքների պահպանումը դարձան գլխավոր թեմաներ։