Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) կայացավ Ուսանողական խորհրդի ընդհանուր նիստը, որը նախագահում էր ՈւԽ նախագահ Սուսաննա Հակոբյանը։ Նիստը բաղկացած էր պատվիրակներից, որոնց թվում էին ՈւԽ նախագահության անդամները, ֆակուլտետներից ընտրված ուսանողները, ՃՇՀԱՀ ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահը և ՄՄԿ քոլեջի ՈՒԽ նախագահը։
Հյուրերի թվում էին ռեկտորի խորհրդական Արման Առաքելյանը, Ուսանողական խորհուրդը տարբեր տարիներին ղեկավարած նախագահներ Հովսեփ Հովեյանը և Արմեն Հարությունյանը:
Օրակարգի համաձայն, ՈւԽ նախագահ Սուսաննա Հակոբյանը ներկայացրեց իր երեք տարվա գործունեության հաշվետվությունը և ընդգծեց, որ իր գործունեության գլխավոր նպատակն է եղել ուսանողների շահերի պաշտպանությունը։ Իր խոսքում նա նշեց.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՃՇՀԱՀ-ին ինձ վստահելու համար։ Այս տարիների ընթացքում արել եմ հնարավորն ու անհնարինը՝ պաշտպանելով ուսանողների շահերն ու իրավունքները, նրանց դարձնելով իրազեկված և պաշտպանված: Հավատացած եմ, որ ՈւԽ-ն ոչ միայն ուսանողների ձայնն է, այլև նրանց ուժն ու աջակցությունը։ Վստահ եմ, որ խորհրդի նոր թիմը կշարունակի այս ուղին՝ նոր գաղափարներով և ավելի մեծ նվաճումներով»։
Օրակարգի հաջորդ հարցով, Ուսխորհրդի կանոնադրության համաձայն, բաց քվերակությամբ իրականացավ նախագահի ընտրությունը: Ձայների մեծամասնությամբ ընտրվեց Ճարտարապետության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, ՈւԽ փոխնախագահ Կառլեն Քաշանյանը:
Այնուհետև ՈւԽ նորընտիր նախագահ Կառլեն Քաշանյանը ներկայացրեց իր տեսլականը, ներկայացնելով ուսանողական խորհրդի հետագա գործունեության հիմնական ուղղությունները։ Նա իր խոսքում ընդգծեց.
«Համոզված եմ, որ ՈւԽ-ն ոչ միայն կընդլայնի իր գործունեությունը, այլև ուսանողական միջոցառումները և ծրագրերը նոր թափ կհավաքեն։ Բացի համալսարանական ավանդույթները պահպանելուց, մենք շարունակելու ենք իրականացնել և զարգացնել նոր նախաձեռնություններ»։