Օրերս Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Էրազմուս+ ծրագրի 2024թ․ տեղեկատվական օրերի շրջանակում անցկացվեց հանդիպում, որի նպատակն էր տրամադրել տեղեկատվություն Էրազմուս+ ծրագրին դիմող հաստատություններին, հասարակական կազմակերպություններին, ծանոթացնել ծրագրի ընձեռած հնարավորություններին, աջակցել դիմում-հայտերի պատրաստմանը։
Ելույթների և քննարկումների հիմնական ուղղություններն էին`
Հանդիպմանը մասնակցում էին համալսարանի Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Արտաքին կապերի վարչության խորհրդական, ճարտարապետ Արմեն Մինասյանը, Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, Միջազգային և միջբուհական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա Հակոբյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, գրասենյակի աշխատակիցները, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչները, միջազգային ծրագրերի համակարգողներ և ոլորտային փորձագետներ:
Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանն իր ելույթի խոսքում ողջունելով մասնակիցներին` նշեց, որ համալսարանը շարունակաբար ներգրավված է եվրոպական դրամաշնորհային ծրագրերում: Որպես կոնսորցիումի անդամ՝ ՃՇՀԱՀ-ը 1996 թվականից մասնակցել է «TEMPUS» և «Erasmus+» ծրագրերին, որոնք ուղղված են բուհի կարողությունների զարգացմանը, ուսումնական և կրթական ծրագրերի նորացմանն ու զարգացմանը, լաբորատորիաների և գործիքների արդիականացմանը, համալսարանի կառավարման համակարգի կատարելագործմանը: Այս գործողությունները հնարավորություն են տալիս համալսարանում շարունակաբար զարգացնել միջազգային համագործակցությունը և բարելավել կրթության որակը:
Տիկին Կառլովան իր ելույթում մանրամասն ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի տարբեր ուղղությունները, վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում իրականացված և նախատեսվող ծրագրերը, հայտերի պատրաստման գործընթացը:
Տիկին Կառլովան նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության ուղղությամբ ֆինանսավորում ստացած նախագծերի քանակով և առաջինը՝ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության ուղղությամբ ֆինանսավորված նախագծերի քանակով:
Միջոցառման ավարտին հարցուպատասխանի ձևաչափով մասնակիցների կողմից ամփոփվեցին քննարկված թեմաները: