Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը «Նոյեմբերյանի վարժարան» կազմակերպությունը հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 39-Ն հրամանով սահմանված միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը կնքեցին պայմանագիր:
Պայմանագրի համաձայն կողմերը գալիս են համաձայնության միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթություն իրականացնող և բարձրագույն կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների միջև կրեդիտների փոխանցելիության վերաբերյալ` կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանելով կրեդիտների ճանաչման և փոխանցման մանրամասները, ճանաչելիության վերաբերյալ այլ անհրաժեշտ կարգավորումները:
ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը ողջունելով ներկաներին նշեց. «Շնորհավորում եմ պայմանագրի ստորագրման առթիվ: Սա կարևոր քայլ է կրթական համակարգի արդյունավետ համագործակցության զարգացման ուղղությամբ, որն ապահովելու է միջնակարգ և բարձրագույն կրթության միջև կապն ու շարունակականությունը՝ նպաստելով որակյալ մասնագետների պատրաստմանը: Ցանկանում եմ նշել, որ համալսարանը իր հերթին կարող է իր իսկ նախաձեռնությամբ իրականացնել համապատասխանաբար «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Գծագրություն», «Գծանկար» առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներ, ինչը ևս շատ կարևոր է»։
Նոյեմբերյանի վարժարանի տնօրենը նշեց. «Մեծ ուրախությամբ եմ ասում, որ այս պայմանագիրը նոր հնարավորություններ կբացի մեր աշակերտների համար՝ բարձրագույն կրթության համակարգում ավելի հեշտությամբ ինտեգրվելու և իրենց կրթական ուղին հաջողությամբ շարունակելու համար։ Համագործակցությունը կարևոր հիմք է դնում մեր կրթական հաստատությունների միջև»։
Այսպիսով, պայմանագրի ստորագրմամբ ամրապնդվում է միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատությունների համագործակցությունը, որը հնարավորություն կտա նպաստել կրթական ծրագրերի փոխկապակցմանը և արդիականացմանը: Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի կրթության որակի բարձրացման, ընդհանուր նպատակների իրականացման և ապագա մասնագետների պատրաստման գործում: