Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացավ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ/GIS)» միջազգային օրվան նվիրված աշխատաժողով, որին ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների գործընկերները, ՃՇՀԱՀ դասախոսներ, ուսանողներ, ոլորտի մասնագետներ և հյուրեր:
Միջոցառումը մեկնարկեց ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանի ողջույնի խոսքով.«Ուրախ եմ ողջունել բոլորիդ այս կարևոր աշխատաժողովին և շնորհավորել Աշխարհագրական տեղեկատվական համակարգերին նվիրված միջազգային օրվա կապակցությամբ: Մեր համալսարանը կարևորում է ոլորտի կայուն զարգացումը և ստանձնել է որակյալ կադրերի պատրաստման հանձնառությունը ԱՏՀ-ի զարգացման գործում՝ գիտակցելով դրա կարևորությունն ու ազդեցությունը գիտության, տնտեսության և հասարակության զարգացման վրա: Կարծում եմ՝ այս օրն առանձնահատուկ առիթ է վերաիմաստավորելու ԱՏՀ-ի նշանակությունը մերօրյա աշխարհում, որտեղ տվյալների վերլուծությունը, տարածական պլանավորումն ու կայուն զարգացման մարտահրավերները պահանջում են նորարարական մոտեցումներ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին այս կարևոր միջոցառմանը ներկա գտնվելու համար և մաղթում բովանդակալից ու արդյունավետ քննարկումներ և նորանոր գաղափարներ»:
Ողջույնի ելույթով հանդես եկավ նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Եղիազար Վարդանյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը նման աշխատաժողով կազմակերպելու համար և հավելեց, որ Քաղաքաշինության կոմիտեն ունի մի շարք ծրագրեր, որոնք առանցքային նշանակություն ունեն ԱՏՀ-ի համար և առաջիկայում կիրականացվեն. «Ամենակարևորներից մեկը քաղաքաշինական կադաստրի ձևավորումն է: Քաղաքաշինական կադաստրը և առհասարակ քաղաքաշինությունը առանց ԱՏՀ-ի այսօրվա իրականությունում գրեթե անհնար է պատկերացնել. որևէ մեծ ու փոքր բնակավայրում քաղաքաշինությունը ճիշտ պլանավորել, վերլուծություններ կատարել և իրականացնել, շատ դեպքերում առանց ԱՏՀ-ի անհնար է, այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում այսօրվա աշխատաժողովը և շնորհավորում բոլորիս այս կարևոր օրվա առթիվ»:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նա նշեց. «Ինչպես գիտեք՝ Կադաստրի կոմիտեն հանդիսանում է տարածական տվյալների մասով կառավարական լիազոր մարմին և սկսած դեռևս 2020 թվականից մենք մշակել ենք համապատասխան զարգացման ռազմավարություն և այդ ռազմավարությունը հաստատվել է 2021թ.:
Ցանկանում եմ նշել նաև, որ 2020-2021թթ. օրենքով փոփոխություն ենք կատարել և գիտակրթական պահանջներից ելնելով տարածական տվյալների ձեռքբերումը Կադաստրի կոմիտեի բազայից դարձրել ենք անվճար, որից հետո բազմաթիվ հարցումներ ենք մենք ստանում ու տրամադրում համապատասխան տեղեկատվությունը: Այդ տեղեկատվության հիման վրա բուհերում մշակվել են ավարտական աշխատանքներ:
Մենք շատ ենք կարևորում այս ոլորտի զարգացումը և մեծ ուշադրություն ենք փորձում դարձնել գործընկեր բուհերի հետ համապատասխան կրթական ծրագրերի մշակմանը և ներդրմանը, քանի որ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պարագայում մեզ անհրաժեշտ են որակյալ կադրեր որևէ մշակված քաղաքականություն կյանքի կոչելու համար»:
Միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչի ժ/պ Անուշ Մարգարյանը, Կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Վահագն Մուրադյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետ Խաչիկ Գեբեշյանը, Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության ավագ մասնագետ Աննա Բաբլոյանը, Քաղաքաշինության կոմիտեի քաղաղաշինական ծրագրերի իրականացման վարչության խորհրդական Անի Հակոբյանը, ՀԱԱՀ-ի Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասպիրանտ Ստեփան Դավթյանը, «Գեովայբ» ՓԲԸ համահիմնադիր Բագրատ Բալաբանյանը:
«Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ/GIS)» միջազգային օրվան նվիրված աշխատաժողովն ամփոփեց ոչ միայն ԱՏՀ տեխնոլոգիաների դերի և կիրառությունների մասին գիտելիքների փոխանցումը, այլև նոր գաղափարների ձևավորումը՝ ոլորտի մասնագետների, ուսանողների և պետական կառավարման մարմինների միջև համագործակցության ամրապնդման միջոցով։
Աշխատաժողովը փաստեց, որ ԱՏՀ տեխնոլոգիաները մեծապես կարևոր են ինչպես գիտական հետազոտությունների, այնպես էլ հանրային ծառայությունների, տնտեսության և տարածական պլանավորման մեջ։ Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը, ներկայացված զեկույցները և քննարկումները խթանեցին ներկաների մասնագիտական հետաքրքրությունները՝ նրանց ներգրավելով այս կարևորագույն տեխնոլոգիաների հետագա ուսումնասիրության և զարգացման գործընթացում։