(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

Աղվերանում կայացավ ՃՇՀԱՀ գիտական խորհրդի ընդլայնված նիստը: Ռեկտոր Եղիազար Վարդանյանը ողջունելով ներկաներին նշեց. « Արտագնա նիստերը ավանդույթ են դարձել մեր համալսարանում և այսօրվա մեր գիտական խորհրդի ընդլայնված նիստը նպատակ ունի ամփոփելու նախորդ համաժողովի արդյունքները ըստ ուղղությունների՝ ուսումնական, գիտական, միջազգային և ընդհանուր համալսարանի գործունեության բոլոր ոլորտները: Նախորդ համաժողովի արդյունքներով առանձնացրել ենք մի շարք միջոցառումներ, որոնք ձևավորվել էին պրոռեկտորների, դեկանների, ամբիոնի վարիչների, ֆակուլտետների մյուս գործընկերների առաջարկությամբ: Այսօր մեզ կներկայացվեն այդ միջոցառումների ընթացքի մասին ամփոփ տեղեկատվություն: Նիստի ընթացքում կնախանշենք 2024թ. մեր առաջնահերթությունները և անելիքները: Մաղթում եմ բարի ընթացք»:

Գիտական Խորհրդի նիստին ներկա էր նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը, ով փոխանցելով ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի նախագահ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ողջույնի խոսքը, նշեց. «Ուրախությամբ պետք է փաստել, որ համալսարանը տարեցտարի նոր հաջողություններ և ձեռքբերումներ է արձանագրում: Գաղտնիք չէ, որ համալսարանի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները ուսման հետ զուգահեռ աշխատում են իրենց մասնագիտությամբ, ինչպես պետական այնպես էլ մասնավոր ոլորտում: Սա փաստում է բուհում ստացած ոչ միայն տեսական այլ նաև կիրառական գիտելիքների որակի մասին։ Կոմիտեն շատ կարևոր ու առանցքային գործընկեր է համարում համալսարանին և այս համատեքստում ցանկանում եմ հիշեցնել, որ ուժի մեջ է մտնում քաղաքաշինության ոլորտում կազմակերպությունների լիցենզավորմանը և մասնագետների հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները և ինչպես այս, այնպես էլ շատ այլ հարցերում կոմիտեն հենվում է համալսարանի մասնագիտական պոտենցիալի և կարողությունների վրա»:

Նիստի ընթացքում հաշվետվություններով հանդես եկան պրոռեկտորները, դեկանները, կրթության որակի ապահովման և ռազմավարական պլանավորման կենտրոնի ղեկավարը, ավագ դպրոցի և ՄՄԿ քոլեջի տնօրենները: Զեկուցողները նշեցին, որ տարին եղել է համալսարանի համար ձեռքբերումներով լի և այդ ձեռքբերումների շարքում առանձնանում է Ֆրանսիայի Մշակույթի նախարարության կողմից համալսարանի ճարտարապետի դիպլոմի վերաճանաչումը՝ ֆրանսիական դիպլոմին համարժեք: Սա հնարավորություն է ճարտարապետ ուսանողների համար շարունակելու գործունեությունը Եվրոպայում, ծավալելով ստեղծագործական ակտիվ աշխատանք: Համալսարանը միացել է գյուտարարների և չափագրողների միջազգային ասոցիացիաներին, ինչը լայն հեռանկար է բացում թե՛ պրոֆեսորադասախոսական, թե՛ ուսանողական կազմի համար: Անցնող տարում

կրթության ոլորտում առանձնակի կարևորվել է աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, ՀՀ-ի աշխատաշուկայում պահանջարկ ունեցող նոր կրթական ծրագրերի և առանձին դասընթացների ներդրումը, գործող դասընթացների վերանայումը, դասախոսների համար իրականացվող վերապատրաստումները, ուսանողների համար՝ լրացուցիչ դասընթացները տարբեր ծրագրային փաթեթների և օտար լեզուների ուղղությամբ: Անցնող տարում բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմային պաշտպանության թեմաների մեծ մասը համալսարանի նախաձեռնությամբ ստացվել են պետական գերատեսչություններից:

2023 թվականին Միջազգային փոխանակման ծրագրերի շրջանակում շուրջ 180 դասախոս և 220 ուսանող մասնակցել են վերապատրաստման դասընթացների, դասախոսությունների, ցուցահանդես-կոնֆերանսների, մրցույթների և այլն: Սա վկայում է համալսարանի միջազգային հարթակներում վստահելի գործընկերոջ համբավը ամրապնդելու մասին:

Անդրադառնալով գիտական գործունեությանը նշվեց, որ համալսարանը մասնակցել է 64 միջազգային գիտաժողովների, 46 մրցույթ-ստուգատեսերի 26 օլիմպիադայի: Գիտական ամսագրերում տպագրվել է 145 հոդված, որից 27-ը միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, գիտական հետազոտությունների համար ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ստեղծվել է երիտասարդ հետազոտողների միավորում, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի գիտական աշխատանքների արդյունքում երկու նորարարություն ձևակերպվել է որպես գյուտ՝ ստացել արտոնագիր:

Նիստը ամփոփվեց ռեկտորի տարեկան հաշվետվությամբ, որը առաջիկայում կներկայացվի հոգաբարձուների խորհրդին: Ամփոփիչ ելույթում պարոն Վարդանյանը ներկայացրեց նաև 2024թ. անելիքները և շնորհակալություն հայտնեց համալսարանի բոլոր աշխատակիցներին քրտնաջան աշխատանքի և արձանագրած հաջողությունների համար:

22.12.23