ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՀՀ վարչապետի խորհրդական, հաշմանդամության փորձագետ, ունիվերսալ դիզայնի և խելամիտ հարմարեցումների ապահովման խորհրդատու Սուրեն Մաղաքյանի նախաձեռնությամբ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանում իրականացավ «Ունիվերսալ դիզայն, մատչելիություն, խելամիտ հարմարեցումներ» խորագրով մեկ շաբաթյա սեմինարը, համագործակցությամբ ճարտարապետ, ունիվերսալ դիզայնի ապահովման խորհրդատու Նարեկ Մինասյանի հետ։
Սեմինարի նպատակն էր ուսանողներին ներկայացնել համընդհանուր դիզայնի գաղափարը, փիլիսոփայությունը և մարդակենտրոն դիզայնի էությունը, ինչպես նաև քննարկվեց դրա կիրառումը միջազգային լավագույն փորձի մեջ՝ ուսումնասիրելով տարբեր թիրախային խմբերի, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում առկա մարտահրավերները:
Դասընթացն ուներ նաև մեկ այլ նպատակ՝ հասկանալ, թե ուսանողները որքանով են առնչվում տվյալ թեմային համալսարանում: Հատկանշական է, որ ուսանողների վարակիչ ոգևորությունն ընդգծեց նրանց իրական նվիրվածությունը այս առաքելությանը` արտահայտելով առարկան իրենց ուսումնական ծրագրի մեջ ինտեգրելու հավաքական ցանկությունը: Յուրաքանչյուր օր եղել են ուսանողների տարբեր խմբեր, այսպիսով մասնակցեցին շուրջ 120 ուսանողներ:
Նարեկ Մինասյանը ներկայացնելով իր փորձը և տասնամյա խորը հետազոտությունները, նշեց.
«Առհասարակ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ նախագծման և իրականացման վերջին փուլերում են միայն նկատում, որ պետք է առավել խորը ուշադրություն դարձնել մատչելիությանը։ Սովորաբար ունիվերսալ դիզայնը հենց դա է թելադրում, որ նախագծի առաջին վայրկյանից սկսած, հաշվի առնել բոլոր մարտահրավերները։»
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, շարունակաբար ուշադրության կենտրոնում է պահում ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակները, քանի որ այս նպատակներն են, որ լուծում են զարգացման այն հիմնական մարտահրավերները, որոնց մարդիկ բախվում են ինչպես Հայաստանում այնպես էլ ողջ աշխարհում: