ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում՝ ճանապարհաշինարարության մեջ օգտագործվող հայկական ծագմամբ շինարարական նյութերի որակական հատկությունների վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պատասխանատուներ, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումն իրականացնող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա», չինական «Սինոհիդրո» ընկերությունների, տեխնիկական վերահսկողությունն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկության, «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ» կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության, այլ կառույցների ներկայացուցիչներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետներ։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ճանապարհաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությանը, ընդգծվեց, որ շինարարության ընթացքում պետք է բացառվի որակի որևէ շեղում։ Հանդիպմանը ներկա մասնագետներն ու գիտնականներն իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքներով փաստեցին, որ Հայաստանը հնարավորություն ունի արտադրելու AASHTO M 85 չափանիշներին համապատասխան ճանապարհաշինական ցեմենտ և կատարել որակյալ ճանապարհաշինական աշխատանքներ։
Հանդիպման ավարտին որոշում կայացվեց կազմել աշխատանքային խումբ՝ գիտնականների, շինարարների, ինժեներների, ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, ովքեր կաշխատեն ճանապարհաշինական ցեմենտի որակի վերահսկողության, միջազգային ստանդարտների հետ դրա համապատասխանելիության ուղղությամբ։