(010) 303-300

«ՃՇՀԱՀ ԳԱՎԱԹ 2023» ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ

Ավարտվեց «ՃՇՀԱՀ ԳԱՎԱԹ 2023» արագ շախմատի մրցաշարը։ Մրցաշարի 27 մասնակիցներից մեծ մասը կարգային շախմատիստներ էին և պայքարը մեդալների համար բավականին թեժ էր։ Հնարավոր 7-ից 6 միավոր վաստակեց և «ՃՇՀԱՀ ԳԱՎԱԹ 2023» մրցաշարի հաղթող ճանաչվեց Շինարարության ֆակուլտետի (Շ 31-2) ուսանող Վարդան Սարգսյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արտյոմ Պողոսյանը (Է 31), երրորդ տեղում Վարդան Բդոյանն էր (Ճ 21-2)։ Մրցաշարի աղջիկների մեջ մրցանակային պայքարում հաղթող ճանաչվեց Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Պողոսյանը (Կ 33-1), երկրորդ տեղում անցած տարվա գավաթակիր Մերի Թադևոսյաննն էր (Ք 24), երրորդ և չորրորդ տեղերը կիսեցին Մերի Սահակյանը (Ճ 31-1) և Օվսաննա Խաչատրյանը (Ճ 31-2)։  

Միջոցառումը կազմակերպվել էր ՃՇՀԱՀ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի կողմից: Ինչպես նշեց մրցաշարի կազմակերպիչ, կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը. «Այս տարի համալսարան ընդունվել են մի քանի առաջին կարգայիններ, որոնց միջև պայքարը շատ ուշարժան էր։ Ուրախ եմ , որ ուսանողները հաճույքով են մասնակցում մեր մրցաշարին, այն իրականում միջազգային ստանդարտներով կազմակերպված մրցույթի է նմանվում։ Վիճակահանությունը կատարում ենք հենց միջազգային ստանդարտներով նախատեսված ծրագրով։ Այս տարի մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով, իսկ հաղթողներին բացի գավաթից և մեդալներից սպասվում է անակնկալ նվեր, որը կստանան անձամբ համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանից՝  առաջիկա ռեկտորատի նիստին»:  

30.10.23