Ֆրանսախոս ուսանողների յոթերորդ փառատոնը՝ «Տարբեր ենք, բայց միասին» խորագրով, այս տարի անցկացվեց Երևանում: Այս տարի համընդհանուր հաղորդակցման լեզուն համախմբել էր 53 ուսանող ֆրանսախոս ուսանողների, որոնք ժամանել էին 17 երկրից՝ Ալբանիայից, Բոսնիա-Հերցոգովինայից, Բուլղարիայից, Թուրքիայից, Լիտվայից, Խորվաթիայից, Հայաստանից, Հունգարիայից, Ղազախստանից, Մակեդոնիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից, Սլովակիայից, Վրաստանից, Ուկրաինայից:
Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի շրջանակներում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության շրջանային տնօրինությունը ցանկություն էր հայտնել իր աշխատակազմի տարեկան ժողովը կազմակերպել Երևանում, մասնավորապես, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:
Եվ, հաշվի առնելով մեր և ֆրանսիական մի շարք համալսարանների հետ համագործակցային կապը, ֆրանկոֆոն միջոցառումների իրականացման նկատմամբ մեր հետաքրքրությունը և մեր համալսարանի Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ակադեմիական նվաճումների կենտրոնի ակտիվ գործունեությունը՝ հուլիսի 6-ին, համալսարանում կայացավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության աշխատակազմի տարեկան ժողովը: Հավաքին մասնակցում էին Հայաստանից, Ալբանիայից, Բուլղարիայից, Վրաստանից, Մոլդովայի Հանրապետությունից և Ռումինիայից ժամանած 22 գործընկերներ:
Մինչև ժողովի մեկնարկը՝ մեր համալսարան ժամանած պատվիրակությանն ընդունեց ռեկտոր Գագիկ Գալստյանը: Ռեկտորը ողջունեց հյուրերին և հայ-ֆրանսիական կրթական ու մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորեց մեր մայրաքաղաքում անցկացված փառատոնը, ինչպես նաև 22 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովը: Գագիկ Գալստյանը ներկա գտնվեց նաև ժողովի բացման արարողությանը և հաջողություն մաղթեց մասնակիցներին: