(010) 303-300

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐ

Փետրվարի 28-ին ՃՇՀԱՀ-ում անցկացվեց Էրազմուս+ նախագծերի տեղեկատվական օր ներքին և արտաքին շահակիցների համար: Որպես տարբեր կոնսորցիումների գործընկեր համալսարան ՃՇՀԱՀ-ն ներկայումս իրականացնում է հինգ Էրազմուս+ նախագծեր: ՃՇՀԱՀ-ի Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ի իրականացվող բոլոր նախագծերին վերաբերող համառոտ տեղեկատվությունը։

Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար՝ Իրինա Վանյանը ներկայացրեց «Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» (Erasmus+ FlexWBL) նախագծի առաջընթացին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև 2023թ-ին իրականացվելիք աշխատանքները։

ՎՀովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանում և Ղրղզստանում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակումը և հետազոտական ցանցերի ամրապնդումը աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» (Erasmus+ GeoTAK) նախագծին վերաբերող տեղեկատվությունը։ Նա նշեց, որ նախագծի շրջանակում «Երևանի պետական համալսարան», «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամների միջև ստորագրվել է պայմանագիր, որի նպատակն է կարգավորել Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական բարձրագույն կրթության համատեղ ծրագրի մշակումը, իրականացումը, գնահատումը, որակի մշտադիտարկումը, նյութական, ֆինանասական, տեխնիկական ու մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը: Վ Հովհաննիսյանը ընդգծեց նախագծին վերաբերող ևս մեկ կարևոր իրադարձություն, որն է ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարի նամակը, որով թույլատրվել է GeoTAK նախագծի շրջանակում «Երևանի պետական համալսարան», «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամներին «ԻԴ.03.01 Աշխարհագրություն» և «Ե.23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր» մասնագիտություններով իրականացնել համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիր՝ կրեդիտների փոխադարձ ճանաչման պայմանով:

Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը ներկայացրեց «Ճարտարապետության և քաղաքացիական Ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (Erasmus+ TACEESM) և «Կարողությունների զարգացում ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով» (Erasmus+ SAH) նախագծերի հիմնական հատկանիշները, նպատակները, խնդիրները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ներկայիս ձեռքբերումները:

Զեկուցողները պատասխանեցին միջոցառման մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը մասնակցում էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պրոռեկտորներ Ռոբերտ Սուքիասյանը, Վարդգես Եդոյանը, Մանուկ Բարսեղյանը, աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը։ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Ե. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին միջոցառմանը մասնակցելու և ՃՇՀԱՀ-ի Էրազմուս+ նախագծերին իրենց ներդրումն ունենալու համար:

 

06.03.23