ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի և Դիզայն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, Դիզայն ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը և ՈՒԽ նախագահ Սուսաննա Հակոբյանը: Հանդիպման սկզբում ՈՒԽ նախագահ Սուսաննա Հակոբյանը, ողջունելով բոլորին, նշեց․ «ՈՒԽ-ն տարիներ շարունակ ունի որդեգրած մի գեղեցիկ ավանդույթ․ դա առաջին կուրսեցիների հանդիպումն է համալսարանի ղեկավարության հետ՝ ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի։ Նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական: Սա լավ տարբերակ է, ձեր հարցերն ու առաջարկները անմիջապես հայտնելու բուհի ղեկավարությանը»:
Ռեկտոր Եղիազար Վարդանյանը ողջունեց ուսանողներին և միանգամից ցանկացավ լսել ուսանողների առաջարկների մասին, ինչպես նաև ծանոթանալ այն խնդիրներին, որոնք ուսանողները նկատել կամ անձամբ առնչվել են. «Համալսարանը հնարավոր ամեն ինչ կանի, որ ուսանողն ունենա արդյունավետ ուսումնառություն, և ձեր ուսանողական տարիները հագեցած լինեն գիտելիքներով ու ձեռք բերած նոր հմտություններով»։
Ուսանողներին ողջունեց նաև աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը և Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը: Նրանք հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցելու ուսանողներին նրանց բոլոր նախաձեռնություններում:
Հանդիպումն ավարտվեց հարց-պատասխաններով՝ ուսումնական, փոխանակման, ժամանցային ծրագրերից մինչև համալսարանական կյանքին ինտեգրվելու հետաքրքիր առանձնահատկությունները։