(010) 303-300

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանն ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման      դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանը հուշագիր են ստորագրել Կենտրոնական բանկի կողմից հայտարարվող ՀՀ դրամանիշների էսքիզների մրցույթներում ֆակուլտետի ուսանողների ներգրավման և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցելու վերաբերյալ:

Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը ողջունեց և  կարևորեց  հուշագրի կնքումը. «Ուսանողն իր ուսանողական տարիներից պետք է սկսի զարգացնել մասնագիտական կարողություններն ու  ծառայեցնել իր հայրենիքին։ Սա լավ հարթակ է իր ներուժը բացահայտելու և մասնագիտական փորձ ունենալու համար: Առանցքային հանդիպում է մեր երկու կառույցների միջև, և վստահ եմ, որ մեր համագործակցությունը կպսակվի միանգամայն հաջողությամբ, ու մեր ոլորտին առնչվող բոլոր հարցերի ու կարիքների դեպքում, որոնք կունենա Կենտրոնական բանկը, մեր համալսարանը, հանձին մեր ֆակուլտետի, միշտ պատրաստ կլինի աջակցել»:

Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով. «Կենտրոնական բանկը՝ որպես ՀՀ-ում աշխատող թափանցիկ կառույց, շատ հետաքրքրված է  նոր մասնագետներով, որոնք կօգնեն  մեր հուշադրամները դարձնել ամբողջ աշխարհին հասանելի ու հայտնի: Մեր հուշադրամները աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ մրցանակներ են շահում, և միշտ պատրաստ ենք թարմ հայացքներ ներգրավելուն: Կենտրոնական բանկը սիրում է մարտահրավերներ նետել ինքն իրեն, և մենք պատրաստ ենք երիտասարդների կողմից մարտահրավերի ենթարկվել և նոր տեսակի դիզայնով հանդես գալ հուշադրամների համար։ Հույս ունեմ, որ ապագայում մենք կունենանք ավելի նորաոճ և ավելի համարձակ դիզայներ»:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ առաջին ծրագիրը, որն ուղղված էր Ֆակուլտետի ուսանողների տեսական ու գործնական գիտելիքների զարգացմանը: Կենտրոնական բանկի արժույթի թողարկման համակարգման կենտրոնի համակարգող Նունե Տերյանն ու արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի դրամանիշների թողարկման մասնագետ Լուսինե Այվազյանը անցկացրին մասնագիտական սեմինար ՀՀ հուշադրամների էսքիզների պատրաստման յուրահատկությունների վերաբերյալ:

03.11.22