ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը առաջինկուրսեցիներին հանձնեց ուսանողական տոմսերն ու ստուգարքային գրքույկները: Տիկին Գրիգորյանը ողջույնի խոսքով դիմեց ուսանողներին, շնորհավորելով նրանց` ընդգծեց. «Դուք 100-ամյա պատմություն ունեցող համալսարանի ուսանողներն եք, ինչը մեծ պատիվ է և միևնույն ժամանակ պարտավորեցնող յուրաքանչյուրիդ համար: Այսօր մտքի, գիտելիքի ու տեխնոլոգիաների դար է, և մենք պարտավոր ենք երկրի առաջխաղացման, ինչու ոչ, նաև աշխարհի առաջխաղացման մեջ մեր դերակատարությունն ունենալ մեր գիտելիքներով ու գործունեությամբ: Մենք ձեզ հանձնում ենք ուսանողական տոմսերն ու ստուգարքային գրքույկները՝ ակնկալելով, որ ձեր հաջողությունների ականատեսը կլինենք»:
Ուսխորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը նույնպես շնորհավորեց ուսանողներին՝ մաղթելով անխոչընդոտ ճանապարհ։ Վերջինս նաև հույս հայտնեց, որ ուսանողների գրքույկներում կլինեն միայն գերազանց գնահատականներ, ինչն էլ ուղի կհարթի դեպի լավ ապագա: