ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մաքսիմ Վարդանյանը ՃՇՀԱՀ կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է: Ավարտել է Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցը: 2020 թ․ 44-օրյա պատերազմի հերոսներից է, որն իր հրամանատարների ու զինակից ընկերների հետ անցել է ամբողջ պատերազմի թոհուբոհով:
2022 թ․ սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ա. Պողոսյանը հյուրընկալվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոց՝ անձամբ ընթերցելու Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը և հանձնելու պետական պարգևը:
«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ԱՀ օրենքի 9-րդ հոդվածը` որոշում է ընդունվել 2020 թ․ սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած քաջության ու արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զ/մ պարտադիր ժամկետային նախկին զինծառայող, շարքային Մաքսիմ Վարդանյանին Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի N610 Ա հրամանագրով պարգևատրել «Արիության համար» մեդալով»:
Միջոցառմանը ներկա էր նաև ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը: Պարոն Հովեյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի և անձամբ իր անունից շնորհավորելով, ընդգծեց. «Շատ կարևոր ու պատասխանատու պահ է և՛ դպրոցի, և՛ համալսարանի, և՛ երիտասարդության համար, ու պատահական չէ, որ մեր ուսանողն իր արիության համար գնահատականը ստանում է իր մայր կրթօջախում` դպրոցում, որտեղ սովորել, կրթվել, ինչպես նաև դաստիարակվել է որպես տղամարդ: Ժամանակ առ ժամանակ մտքեր են հնչում, թե որն է ամենալավ ու ամենաարդյունավետ աշխատող երիտասարդական կառույցը: Վստահաբար կարող ենք ասել, որ ամենալավ երիտասարդական կառույցը մեր բանակն է, մեր հպարտությունը՝ մեր սպաներով ու զինվորներով, որոնք ամենօրյա ծառայությամբ ապացուցում են, որ իրենք են լավագույնը: Մեր տղաները պարտություն չեն կրել: Չնայած մեր խորը վշտին ու ցավին` հպարտ ենք, որ այսօր կան Մաքսիմ Վարդանյանի նման հզոր տղաներ: Ձեզ նման նվիրյալների շնորհիվ է, որ եղել ենք, կանք ու դեռ պիտի լինենք»:
Մաքսիմ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի ու լավ խոսքերի համար: «Շնորհակալ եմ ուշադրության ու պարգևատրման համար, սակայն ես ինքս ինձ հերոս չեմ համարում: Իրական հերոսներն այսօր հանգչում են Եռաբլուրում, նրանք, ովքեր պետք է վերցնեին այս պարգևը: Այդուհանդերձ, ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման վերաբերմունքի»:
ՃՇՀԱՀ ռեկտորատի նիստին Մաքսիմ Վարդանյանին ռեկտոր Եղիազար Վարդանյանը հանձնեց համալսարանի կողմից շնորհակալագիր։ Իր խոսքում պարոն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց քաջարի հայորդուն՝ նշելով․ «Մաղթում եմ, որ նույն արիության ու նվիրյալության շարունակությունն իր դրսևորումը գտնի արդեն գործունեության ոլորտում՝ ամրագրվելով մասնագիտական կարևոր ձեռքբերումներով ու հաջողություններով: Համալսարանը միշտ կարևորել է իր սաների ձեռքբերումներն ու գնահատել դրանք ըստ արժանվույն, բայց ցանկանում եմ առանձնացնել Մաքսիմին․ ինքն ու իր նման տղաները պետք է լինեն օրինակ մեր երիտասարդների համար, որոնք օրհասական պահին պատրաստ են իրենց կյանքը վտանգել հանուն հայրենիքի պաշտպանության, իսկ դրանից հետո՝ զբաղվել կրթությամբ ու զինվել գիտելիքներով»։