(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ, ԴԵՐԱՍԱՆ, ՍՑԵՆԱՐԻՍՏ ԵՎ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի կողմից  կազմակերպված  «Հանդիպումներ հայ անվանի գործիչների հետ» ծրագրի շրջանակում համալսարան էր այցելել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը:

ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը ողջունեց ներկաներին. «Հարգելի՛ պարոն Ավետիքյան, սիրելի՛ ուսանողներ, մենք սկսել ենք մի նախաձեռնություն, որով նախատեսում ենք հանդիպումներ ունենալ հայ անվանի մշակութային գործիչների հետ։ Այդ գեղեցիկ նախաձեռնությունների մեկնարկը տրվեց Ձեզ հետ հանդիպմամբ: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Ավետիքյանին, ինչպես գիտեք, նա իր ազգանվեր գործունեությունը ծավալում է Ֆրանսիայում և շատ կարճ ժամանակով է եկել Հայաստան: Մեզ համար մեծ պատիվ է, որ ժամանակ է հատկացրել՝ մեզ հետ հանդիպելու: Երեկ դիտել ենք անիմացիոն ֆիլմերը և այսօր հնարավորություն ունենք մեր հարցերն ուղղելու պարոն Ավետիքյանին, ինչպես նաև անմիջական շփում ունենալու մեր անվանի հայրենակցի հետ»:

Պարոն Ավետիքյանը, կարևորելով նման հանդիպումների կազմակերպումը, նշեց․ «Ինձ համար նոր սերունդների, երիտասարդների հետ շփվելը շատ կարևոր է, որ ինքս չծերանամ և չկորցնեմ այն, ինչ ժամանակն է թելադրում, որովհետև ժամանակն ավելի շատ երիտասարդների ձեռքում է։ Սերունդների հարաբերությունները շատ կարևոր են ոչ միայն դաստիարակության, այլ նաև իմաստության համար, եթե նրանք փորձել են, տեսել են, եզրակացություններ են արել և չեն փոխանցում այդ ամենը երիտասարդներին, հանցագործություն է: Մտքեր փոխանակելը, շփվելը շատ կարևոր են ցանկացած ոլորտում, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, և խնդրում եմ ձեզ մտածել՝ ինչն է ամենաանհրաժեշտն ու ամենակարևորը ձեզ համար։ Ըստ դրա՝ հարկավոր է շարժվել առաջ»։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում «Գեղեցիկ առավոտ», «Կյանքի գիծը» և «Շների կղզի» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմաշարերի վերաբերյալ: Ֆիլմաշարերը նախօրոք ցուցադրվել էին համալսարանում:

10.10.22