ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Եվրոպական Միության Erasmus+ ծրագրի ֆինանսավորմամբ «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» նախագծի շրջանակներում, հանդիսավոր կերպով բացվեց Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը:
Կենտրոնի բացմանը ներկա էին ռեկտոր Գագիկ Գալստյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ Շվեդիայի Թագավորական ինստիտուտից, Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանից, Բոլոնիայի համալսարանից:
Նշենք, որ Կենտրոնը նորարարական գաղափարների ստեղծմանն ու զարգացմանը խթանող բաց հարթակ է բոլոր երիտասարդների, ուսանողների և դասախոսների համար։ Այն ուղղված է կատարելագործելու և համակարգելու կրթություն- գիտություն-բիզնես փոխկապակցվածությունը։ Կենտրոնը հարմարավետ միջավայր է տրամադրում ստարտափերին և նորարար խմբերին՝ գաղափարների զարգացման և իրագործման համար։
Կենտրոնի աշխատանքն ընդգրկում է հետևյալ հիմնական ուղղությունները՝ կրթություն, խորհրդատվություն, տարածք, փորձի փոխանակում, մրցույթներ: