(010) 303-300

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ, ՃՇՀԱՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Ճարտարապետների, շինարարների, կառուցապատողների մեծ բանակի անունից ողջունում եմ բոլորիդ այս տոնի վերածված կարևոր օրվա առթիվ: Ճարտարապետական, շինարարական և պատմամշակութային գլուխգործոց Գառնիի տաճարում մասնագիտական կյանքի կարևորագույն վկայագիրը ստանալը մեծ խորհուրդ ունի:

Սիրելի´ շրջանավարտներ, այս օրը ձեր կյանքում շրջադարձային է: Դուք մուտք եք գործում մասնագիտական գործնական միջավայր՝ ունենալով ավելի քան 100-ամյա պատմությամբ բուհում ստացած գիտելիքները և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթը: Մաղթում եմ, որ ձեր առաջին քայլերը կատարեք վստահությամբ, ձեր գաղափարները կյանքի կոչելու մեծ խանդավառությամբ և մասնագիտական կոչմանը ծառայելու պատրաստակամությամբ:

Որպես մասնագետ կայանալու ճանապարհին դուք տարբեր իրավիճակներում եք հայտնվելու: Իմացե´ք, որ ձեր ուղեկիցը համալսարանն է՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմով, հոգաբարձուների խորհրդով, ձեր թիկունքին Հայաստանի Հանրապետությունն է, և մենք բոլորս:

Ձեզնից ակնկալվում է երազանքին ձգտելու համառություն, աշխատասիրություն, շարունակ սովորելու և հմտությունները կատարելագործելու, կայացած մասնագետներից նոր գիտելիքներ քաղելու պատրաստակամություն:

Որպես Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ ինձ համար ևս այս օրը հատկանշական է: Մեծ սպասելիքներ ունեմ, որ մասնագիտական ասպարեզում կհայտնվեն թարմ գաղափարներ, ներուժ ունեցող երիտասարդներ, ովքեր կա´մ կհամալրեն կոմիտեի շարքերը, կա´մ իրենց կդրսևորեն մասնավոր ոլորտում և բոլոր դեպքերում էլ կնպաստեն մեր երկրում քաղաքաշինության զարգացմանը:

Համալսարանի հետ Քաղաքաշինության կոմիտեի կապն անմիջական է: Դեռ ուսումնառության ընթացքում ուսանողները կոմիտեի տարբեր ծրագրերի շրջանակում ոլորտի արհեստավարժների, անգամ արտերկրի փորձագետների հետ համագործակցելու հնարավորություն են ստանում: Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներից շատերը նաև դասավանդում են բուհում: Իսկ ստորագրված հուշագրի շնորհիվ ապահովվում է բուհ-աշխատաշուկա-պետություն կապը:

Կառավարության նախաձեռնությամբ հանրապետությունում այսօր շինարարական մեծածավալ ծրագրեր են իրականացվում: Այս առումով առավել քան կարևոր է որակյալ մասնագետների դերը: Ուստի, իմ խորին շնորհակալությունը պետք է հայտնեմ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ ճարտարապետների և շինարարների սերունդներ կրթելու տքնաջան, անձնվեր, բայց պատվաբեր աշխատանքի համար: 

Կրկին շնորհավորում եմ և երիտասարդ մասնագետներին մաղթում կանաչ ճանապարհ:

28.08.22