ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր,Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության Գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ, Հայաստանի ICOMOS-ի անդամ, Միջազգային Ինժեներական ակադեմիայի (ՄԻԱ) ակադեմիկոս, Հայաստանի Ինժեներական ակադեմիայի (ՀԻԱ) ակադեմիկոս, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի (ՌՃՇԳԱ) արտասահմանյան անդամ ՅՈՒՐԻ ԱՇՈՏԻ ՍԱՖԱՐՅԱՆԸ:
Պարգևատրվել է նախարարությունների, գերատեսչությունների, ճարտարապետների և շինարարների միությունների ավելի քան 40 մեդալներով և դիպլոմներով, այդ թվում` միջազգային, համամիութենական և հանրապետական մրցույթներում և ստուգատեսներում, այդ թվում՝ Մովսես Խորենացու անվան մեդալ, ՄԻԱ –ի «Ճարտարագիտական փառք» շքանշանի մեդալ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) ոսկե մեդալ, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալ:
Յուրի Սաֆարյանը 1990թ.- մինչև 2020թ.-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորն էր, 1993-ից` ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչը (համատեղությամբ):
Մինչև համալսարան տեղափոխվելը Յուրի Սաֆարյանը ունեցել է հարուստ աշխատանքային կենսագրություն.
1964-1990թթ. Համամիութենական ինստիտուտ «ՀՆԷԿՏԻ»՝ ճարտ. խմբի ղեկավար, նախագծի գլխավոր ճարտարապետ, ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, ինստիտուտի գլխավոր ճարտարապետ
1957-1964թթ. Հայպետնախագիծ` ճարտարապետի պաշտոնակատար, ճարտարապետ, ավագ ճարտարապետ, Մասնակցությունը նախագծային, գիտահետազոտական և այլ մշակումների
1957թ.-ից հեղինակ է 107 քաղաքաշինական համալիրների, բնակելի և հասարակական շենքերի, այդ թվում`հեղինակային խմբի կազմում` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի, Երևանի «Նորաշեն» բնակելի զանգվածի, բնակելի շենքերի` Երևանում, Կաունասում (Լիտվա), Կալինինգրադում և Գրոզնիում (ՌԴ), Դարխանում (Մոնղոլիա), Պոդգորիցայում (Մոնտենեգրո), առողջարանային, համալիրների` Արզնիում, Գելենջիկում և Տիշկովոյում (ՌԴ), դպրոցների, գիշերօթիկ դպրոցների, մսուր-մանկապարտեզների համալիրների` Երևանում:
ՅՈՒՐԻ ՍԱՖԱՐՅԱՆԸ կարևոր դերակատարում է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական գործունեության կազմակերպման և զարգացման գործում: Նրա անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով 1991թ. կազմավորվել է դոկտորական և թեկնածուական գիտական աստիճան շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 029 «Ճարտարապետություն» մասնագիտական խորհուրդը, որի նախագահն էր երկար տարիներ:
ՅՈՒՐԻ ՍԱՖԱՐՅԱՆԸ Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում 21 գիտահետազոտական ծրագրերի և թեմաների հեղինակ և ղեկավար էր, ճարտարապետության և քաղաքաշինության արդի խնդիրների վերաբերյալ 58 զեկույց է ունեցել միջազգային, հանրապետական և համամիութենական սիմպոզիումներում և գիտաժողովներում (Երևան, Ջերմուկ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կիև, Խարկով, Օդեսա, Բաքու, Թբիլիսի, Վիլնյուս, Տալլին, Տաշքենդ, Բելգրադ, Բեռլին, Բուդապեշտ, Դարխան, Դենվեր, Հավաննա, Թեհրան, Մարսել, Ֆլորենցիա, Պեկին Տպագրել է 315 գիտական և նախագծային աշխատանքներ, այդ թվում 3 մենագրություն, 15 գյուտ:
Պատկառելի գիտական, ստեղծագործական, մանկավարժական վաստակ ունեցող պրոֆեսորը նաև լավ ընկեր էր, խորհրդատու, խթանիչ ուժ: Շատ ենք զգալու նրա բացակայությունը: Հավերժ հիշատակ և հանգչիր խաղաղությամբ սիրելի Յուրի Աշոտովիչ:
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 24֊ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ժամը 18:00֊ին, իսկ հուղարկավորությունը օգոստոսի 25֊ին նույն վայրից ժամը 12:30֊ին։