ՎԵՐԻՏԱՍ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
2016 թվականի ապրիլի 18-ին ՏԵՄՊՈՒՍ ՎԵՐԻՏԱՍ ծրագրի մոնիթորինգի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին այցելել Հայաստանում «Էրազմուս +» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները՝ ծրագրի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը:
Հանդիպմանը ներկա էին ՏԵՄՊՈՒՍ ՎԵՐԻՏԱՍ ծրագրի անդամ համալսարանի ներկայացուցիչները:
Սեմինար-խորհրդակցություն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հոկտեմբերի 19-21-ը կանցկացվեն սեմինար-խորհրդակցություններ՝ ՙՆավահանգստի ծովային տարածաշրջանում բնապահպանական խնդիրների ափամերձ ինտեգրված մոնիթորինգ և դրանց լուծման ուղիները՚ ծրագրի շրջանակներում:
Խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն իրականացված գործողությունների արդյունքները և ծրագրի մասնակից երկրների միջև համագործակցության հետագա քայլերը:
Գործուղում Սոչի
2015թ. օգոստոսի 2-ից 15-ը Ռուսաստանի Դաշնության Տուափսե քաղաքում Ռոստովի պետական շինարարական համալսարանի կողմից կազմակերպված «Կրասնոդարի շրջանի Սոչի քաղաքի սպորտա-ժամանցային օլիմպիական օբյեկտների օրինակով շենքերի և կառույցների յուրահատկության ուսումնասիրություն» խորագրով միջազգային դպրոց-սեմինարին մասնակցում էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:
Միջազգային դպրոց-սեմինարի հիմնական աշխատանքային օրերը ընթանում էին Տուափսե քաղաքում, սակայն, օբյեկտները տեղում ուսումնասիրելու նպատակով, ուղևորություն կազմակերպվեց դեպի Ադլեր` օլիմպիական ստադիոնները, Ռոզա-Խուտորում, Կրասնոյա Պոլյանայում և Օլիմպիական գյուղում կառուցված օբյեկտները տեղում ուսումնասիրելու համար: Այցերի ընթացքում հանդիպումներ կազմակերպվեցին շենքերի և կառույցների նախագծային և շինարարական աշխատանքներում անմիջական մասնակցություն ունեցած մասնագետների հետ:
Դպրոց-սեմինարի հիմնական նպատակն էր աջակցել պրոֆեսիոնալ միջավայրում գիտական հայացքների, մտքերի և կարծիքների փոխանակմանը: Բոլոր մասնակիցները նշում էին սեմինարի կարևորությունը և ցանկություն էին հայտնում ընդլայնել մասնակիցների շրջանակը և դարձնել այն շարունակական
Դպրոց-սեմինարի փակման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 13-ին:
2015 թվականի մայիսին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Իտալիայի Ուդինե համալսարանների միջև կնքված փոխհամագործակցության պայմանագրի շրջանակներում, սեպտեմբերի 4-8-ն աշխատանքային այցով մեր համալսարան կայցելի իտալական պրոֆեսորադասախոսական կազմը: Պատվիրակության անդամների թվում են դոցենտ Աննա Ֆրանջիպանեն, հետազոտող Մարգարիտա Պաուլետտան, քանդակագործ Դանիել Թեմրեսյանը և ասիստենտ Մաթեո Նիկոլինին:
Համալսարան այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի, ֆակուլտետների և ամբիոնների ներկայացուցիչների հետ, այցելություններ հայաստանյան պատմամշակութային վայրեր, շինհրապարակներ, ջրամբարներ ու ՀԷԿ-եր:
Սեպտեմբերի 4-ին պրոֆեսոր Մարգարիտա Պաուլետտան կներկայացնի զեկույց` «Սեյսմակայուն շինությունների կառույցների նախագծում» թեմայով, ակադեմիկոս Է. Խաչիյանը` «Սեյսմակայուն շինարարության խնդիրները Հայաստանում» և Թ. Մարգարյանը` <Քարի օգտագործումը Հայաստանի շինարարության պատմության մեջ» թեմաներով:
Իսկ արդեն սեպտեմբերի 7-ին` ժամը 9:30-ին մինչև 14:00-ն իրենց զեկույցներով հանդես կգան պրոֆեսորներ Մաթեո Նիկոլինին և Աննա Ֆրանջիպանեն` «Ջրային կառավարում, արտահոսքի նվազեցում և ջրաբաշխիչ ցանցերի էներգախնայողություն» և «Քարի օգտագործումը շինարարության պատմության մեջ» թեմաներով:
Պատվիրակությունը Հայաստանից կմեկնի սեպտեմբերի 8-ին: