(010) 303-300

Միջազգային գործունեություն

ՃՇՀԱՀ-ն ունի երկարամյա և հաստատված միջազգային համագործակցության փորձ, ինչը նպաստում է կրթական ծրագրերի որակի բարձրացմանը, միջազգային ճանաչելիության ընդլայնմանը և եվրոպական կրթական չափորոշիչներին համապատասխանեցմանը։

Համալսարանը համագործակցում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Շվեդիայի, Իրանի, Լեհաստանի, Իսպանիայի, Բելգիայի և այլ երկրների բուհերի ու կազմակերպությունների հետ։ Համագործակցություններն ուղղված են համատեղ կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ակադեմիական շարժունակության խթանմանը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմանը, համատեղ ուսանողական նախագծային շաբաթների (workshops) և ամառային դպրոցների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային գիտաժողովների կազմակերպմանն ու դրանց մասնակցությանը։ Միևնույն ժամանակ, համագործակցությունը ներառում է ուսումնական և մասնագիտական պրակտիկաներին մասնակցության խրախուսումն ու համատեղ գիտահետազոտական ծրագրերի, նախագծերի իրականացումը։

ՆՇԱՆԱԿԱԼԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

1994 թվականից ի վեր Համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտներին շնորհվող դիպլոմը Ֆրանսիայի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվում է որպես ֆրանսիական դիպլոմին համարժեք։

2011 թվականին Միլանի պոլիտեխնիկի հետ համագործակցության շրջանակներում Համալսարանում իրականացվել է «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» երկամյա վերապատրաստման ծրագիրը։ 2013–2014 ուսումնական տարում նույն համագործակցության շրջանակում իրականացվել են «Ճարտարապետական վերականգնում» և «Շինհրապարակի ղեկավարում» մեկամյա վերապատրաստման դասընթացները։ Ծրագիրը 2015 թվականին արժանացել է միջազգային հեղինակավոր Europa Nostra մրցանակի՝ «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում։

2015 թվականին Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) և Իսպանիայի Որակի գնահատման և հավատարմագրման ազգային գործակալության (ANECA) հետ համագործակցության արդյունքում Համալսարանը դարձել է Հայաստանի բուհերից առաջինը, որը հաջողությամբ անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը՝ ստանալով եվրոպական հավատարմագրման վկայական։

2017 թվականից Համալսարանը ներգրավված է Եվրամիության IACOBUS ծրագրում, որն ունի կարևոր գործնական նշանակություն և միավորում է Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցը, Իսպանիայի Կորունիայի համալսարանը, Գերմանիայի Ռեգենսբուրգի համալսարանը և Բելգիայի Լիեժի համալսարանը։

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ եռակողմ միջհամալսարանական համագործակցության շրջանակներում Համալսարանում իրականացվում է համատեղ երկամյա մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Նախագծերի կառավարում» մասնագիտությամբ։

ՀՀ-ում Լիտվայի դեսպանության հետ համագործակցության շրջանակում Համալսարանում բացվել է լիտվացի ճանաչված արվեստաբան, համեմատական արվեստի հետազոտությունների հիմնադիր Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անկյունը, որը նպատակ ունի զարգացնել հայկական պատմաճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման ոլորտը։ Յուրաքանչյուր տարի սահմանվում է Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան մրցանակը, որը շնորհվում է Համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի այն ավարտական աշխատանքին, որն առավելագույն ներդրում է ունեցել պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտում։

Համալսարանում 2024-2025 ուստարում սովորում է 185 արտասահմանցի՝ 16 երկրից, նրանցից 10-ը՝ այլազգի, 175-ը՝ սփյուռքահայ.