ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Արագացրու քո կարիերան ճիշտ ուղղությամբ
Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ, ՃՇՀԱՀ Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնը ողջունում է Ձեզ: Մենք կօգնենք Ձեզ գտնել պատասխաններ` կարիերայի պլանավորման և հետագա զարգացման հետ կապված անհանգստացնող հարցերին: Մենք Ձեզ կտրամադրենք խորհրդատվություն ռեզյումեների և ուղեկից նամակների կազմման, հարցազրույցների և աշխատանքի որոնման տեխնիկայի վերաբերյալ, գալիք սեմինարների, ինչպես նաև կտեղեկացնենք առկա թափուր աշխատատեղերի մասին:
Հաջողության հասնելու քո քայլերը`
Ուսումնասիրիր ինքդ քեզ. բացահայտիր քո ձեռքբերումները, արժեքները, նպատակները, ուժեղ ու թույլ կողմերը: Բացահայտիր այն որակներն ու ունակությունները, որոնք կարևոր են գործատուների համար:
Օգտագործիր կարիերայի ռեսուրսները. այցելիր Կարիերայի կենտրոն և ստացիր խորհրդատվություն քո կարիերայի զարգացման վերաբերյալ:
Զարգացրու հաղորդակցական ունակությունները. երբեք մի կորցրու զեկույցներ և հոդվածներ գրելով փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Զարգացրու հռետորական ունակություններ` մասնակցելով ուսանողական տարբեր կազմակերպությունների միջոցառումներին:
Զարգացրու ղեկավարման և թիմային աշխատանքի ունակություններ. անդամակցիր մասնագիտական և ուսանողական կազմակերպություններին: Ակտիվ դերակատարում ունեցիր արտածրագրային և կամավորական աշխատանքներում:
Կառուցիր քո մասնագիտական ցանցը. կապեր ստեղծիր քո ոլորտի մասնագետների, նախկին ուսանողների, ապագա գործատուների հետ, պահպանիր այդ տեղեկատվությունը:
Մասնակցիր աշխատանքային տոնավաճառների. ներկայացրու քեզ ապագա գործատուին, հավաքիր այցեքարտեր ու ընկերությունները ներկայացնող բուկլետներ, տեղեկագրեր, ինֆորմացիոն թերթիկներ: Օգտագործիր նոր կապեր ստեղծելու այս հնարավորությունը:
Աշխատանքային փորձ ձեռքբեր համալսարանն ավարտելուց առաջ. կարևորիր ուսումնական և արտադրական պրակտիկաները, ամառային և ոչ լրիվ զբաղվածությամբ աշխատանքը:
Պատրաստվիր աշխատանքի որոնմանը. պատրաստիր քո ռեզյումեն և վերանայիր այն կիսամյակը մեկ և ամեն անգամ աշխատանքի դիմելիս: Հավաքիր երաշխավորագրեր, դրանք քեզ անպայման պետք կգան:
Մաղթում ենք հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում: