ՍԻՐԵԼԻ ԴԻՄՈՐԴ
Ուրախ ենք ձեզ ողջունել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պաշտոնական կայքում:
Հարգելի այցելու.
Մեզանից յուրաքանչյուրը երազում է տեսնել մեր Հայրենիքը բարեկեցիկ, և իր ներդրումն ունենալ երկրի զարգացման ու հզորացման մեջ: Այս վսեմ տեսլականը կարող է իրողություն դառնալ միայն հարուստ գիտելիքներով զինված երիտասարդություն ունենալու դեպքում: Հենց այս սկզբունքով է առաջնորդվում մեր բուհը, որի կազմում են բազմապրոֆիլ ֆակուլտետներ, բազային քոլեջ և ավագ դպրոց, գիտական կենտրոններ ու մի շարք ստորաբաժանումներ: Մեր նպատակն է բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ապահովել բարձրակարգ կրթություն, թողարկել 21-րդ դարի մասնագետներ և մեր շրջանավարտներին տեսնել երկրի տնտեսության ամենատարբեր ու բարձր դիրքերում:
Բուհն ապրում է ուսումնական, գիտական և մշակութային բովանդակալից կյանքով: Աշխարհի առաջատար բուհերի, խոշորագույն գիտական և կրթական կազմակերպությունների հետ համագործակցությունը, անընդհատ նորացվող մասնագիտությունները, կրթական նոր ծրագրերը, դասավանդման մեթոդները, վերանորոգված բուհական միջավայրը և արտաքին պատկերանշանները ամբողջական են դարձնում ժամանակի ոգով ու պահանջներով առաջ ընթացող բարձրագույն կրթական հաստատության դիմագիծը:
Դեռևս 1921թ-ից՝ որպես ազգային կրթօջախ, մեր կրթական արժեքների հիմքում ընկած է պատասխանատվությունը հասարակության՝ հատկապես ուսանողության նկատմամբ: Համալսարանի եռաստիճան կրթության հիմնական նպատակը՝ մեր ապագա մասնագետներին ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում տեսնելն է, քանի որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը տրամադրում է պետական դիպլոմ:
Մատուցվող կրթության որակը բարձրացնելու համար ստեղծվել և ստեղծվում են տեխնիկական և գիտական բազաներ, լաբորատորիաներ, ձեռքբերվում բացառիկ սարքեր: Այն լայնածավալ գործունեությունը, որն իրականացնում է մեր համալսարանը, բաց է ու տեսանելի: Մենք ձգտում ենք բուհի ուսանողի, աշխատակցի, վաղվա դիմորդի և, պարզապես, բուհով հետաքրքված յուրաքանչյուր երիտասարդի համար ստեղծել անմիջական շփման, հասանելիության պարզ ու շիտակ միջավայր: Այս ամենն իրականացվում է զեղչային ճկուն համակարգի, կրթաթոշակների, համալսարանի բարերարների շնորհիվ: Մեր համալսարանում անվճարունակ, բայց գիտելիքը գնահատող ուսանողների համար վարձավճարն անլուծելի խնդիր չէ, իսկ Երևանի մետրոպոլիտենից և համալսարանի ճաշարանից օգտվելն՝ անվճար:
Օրեցօր վերելք ապրող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գրավականը մեր դասախոսների անձնվեր աշխատանքը, ռեկտորատի հոգատար վերաբերմունքը և, իհարկե, մեր ուսանողների անմնացորդ նվիրումն է իրենց բուհին ու ընտրած մասնագիտությանը:
Մեր Համալսարանը հնի ու նորի համալիր գաղափարակիրն է:
78,995 Ընդամենը Դիտված, 96 Դիտվել է այսօր