Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ն և ՀՊՏՀ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև կնքվեց համաձայնագիր՝ հիմնված 2017թ-ի հունիսի 1-ին նույն համալսարանների միջև կնքված պայմանագրի վրա:

Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՃՇՀԱՀ-ի և ՀՊՏՀ-ի ռեկտորներ Գագիկ Գալստյանն ու Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ, ներկայացուցիչ՝ Երևանի քաղաքապետարանից, պրոֆեսորներ, դասախոսներ, հյուրեր և ուսանողներ:

Համաձայնագրի ստորագրումը ՃՇՀԱՀ-ի, ՀՊՏՀ-ի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի «Նախագծերի կառավարում»՝ զբոսաշրջության և անշարժ գույքի ոլորտներում անվանումով համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումն էր, որի համար հիմք է ծառայել 3 համալսարանների միջև արդեն իսկ կնքված պայմանագիրը:

Ներկաներին մանրամասն ներկայացվեց ծրագրի մտահղացման նախապատմությունը, դրույթները, իրականացման գործիքներն ու նպատակները: Ինչպես բազմիցս նշվել է՝ Erasmus+-ի HERITAGE ծրագրի շրջանակներում կնքված համագործակցության եռակողմ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է, որ մագիստրատուրայի ուսանողներն առաջին ուսումնական տարում ուսումնառելու են ՃՇՀԱՀ-ում և ՀՊՏՀ-ում, իսկ երկրորդ ուսումնական տարում՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում և ստանալու են կրկնակի դիպլոմ:

Նախարար Մկրտչյանը նախաձեռնությունն աննախադեպ համարեց այն առումով, որ դրանում ներգրավված են երկու հայաստանյան և մեկ արտասահմանյան բուհ: Նրա խոսքերով՝ այս ծրագիրն ապացույցն է այն բանի, որ Հայատանը շարունակում է մնալ կրթական առաջխաղացման դաշտում: Ողջունելով ծրագրի պատասխանատուներին՝ Լևոն Մկրտչյանը նկատեց, որ այն կստեղծի մասնագիտական նոր ուղղություններ, շրջանավարտներին կմոտեցնի աշխատաշուկային, և հորդորեց տվյալ մոտեցումը կիրառել նաև մարզային համալսարաններում:

Ողջույնի խոսքերով հանդես եկան երկկողմ համաձայնագիր կնքած համալսարանների ռեկտորները: Նրանք ծրագիրը պատվաբեր և պարտավորեցնող որակեցին՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով այն կունենա հարթ ընթացք և բեղմնավոր ավարտ:

 

11.09.17

2,232  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր